Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իշխանափոխությունների կամ պատերազմների ժամանակ լինում է մի զանգված, որը ճակատագիր է որոշում, իսկ այն զանգվածը, որը պատրաստ է Հայաստանում ակտիվ գործընթացների, բավարար է՝ թիվ մեկ քաղաքական խնդիրը լուծելու համար»,- երեկ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Թե որտեղի՞ց է գալիս կրիտիկական զանգված ունենալու մասին այս համոզմունքը, դժվար է ասել: Կոնգրեսի ո՛չ վերջին, ո՛չ էլ նախավերջին` համեմատաբար սակավամարդ հանրահավաքները ոչ միայն չեն խոսում ՀԱԿ-ի` այդ ներուժն ունենալու մասին, այլև հաստատում են, որ ունեցած ռեսուրսն էլ գնալով փոշիացվում է: Սեպտեմբերի 9-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե բացահայտ կերպով խոստովանեց, որ իշխանափոխության խնդիրը լուծելու համար իրենց հենց այդ «ակտիվ գործընթացների պատրաստ» մասսան է պակասում կամ նույնիսկ բացակայում: «Մեզ համար ի սկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Սա նշանակում է, որ Կոնգրեսը իշխանության հետ երկխոսության մեջ մտել է` առանց որևէ ակնկալիք ունենալու` այն ի սկզբանե անպտուղ ու անիմաստ համարելով: Եվ մտել են, որովհետև կա'մ ժամանակ ձգելու խնդիր են լուծել, կա'մ չեն տեսել այն զանգվածներին, որոնց վրա հենվելով կկարողանան իշխանություններին պարտադրել ընդունելու արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը: Ակնհայտ է, որ եթե այդ հենման կետը ունենար, Կոնգրեսը կա'մ երկխոսությունը շարունակելու հարցում շահագրգռություն կունենար և չէր բոյկոտի այն, կա'մ առնվազն այդ ներուժը կօգտագործեր ՀԱԿ ձերբակալված ակտիվիստների ազատությանը հասնելու համար, կա'մ էլ, թե՛ մեկ, թե՛ երկրորդ գործոններն օգտագործելով, կփորձեր իրականություն դարձնել այլընտրանքային լուծուներով իշխանափոխությունը գլուխ բերելու գործը:
Մինչդեռ Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին տուն ուղարկեց նույնիսկ առանց որոշակիացնելու իրենց հետագա անելիքները և բավարարվեց միայն իշխանությանն ուղղված` «այլ լեզվով խոսելու» հերթական հերթապահ սպառնալիքը հնչեցնելով: Տեր-Պետրոսյանը իրականում դեռ չի էլ հավատում, որ հասարակական նման մոբիլիզացում կարող են ապահովել: «Մոտակա օրերին Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին: Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով»,- ասում է Տեր-Պետրոսյանը` իբրև Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը չփոխելու պատասխան դիտարկելով ոչ թե երկխոսությունը դադարեցնելը, այլ` ընդամենը առկախված թողնելը:
Եվ վերջապես` եթե Կոնգրեսը վճռական գործողությունների պատրաստ զանգվածներ ունենար իր տրամադրության տակ, գոնե ի վիճակի լիներ այդ գերմոբիլիզացիան իրականացնելու կամ իրականում նման խնդիր հետապնդեր, Նիկոլ Փաշինյանը նույն` սեպտեմբերի 9-ի հանրահավաքում չէր հայտարարի, թե «սահմանադրական հեղափոխությունը» հնարավոր է իրականություն դարձնել հրապարակում 500-հազարանոց բազմություն հավաքելու դեպքում և չէր դիմի բազմությանն այն կոչով, թե` «մենք այսօր գնալու ենք պատրաստակամությամբ` հաջորդ հանրահավաքներից մեկի ժամանակ վերադառնալու 500 000 հոգով»:
Իրականում Հայ ազգային կոնգրեսն արդեն կորցրել է կրիտիկական զանգված ապահովելու իր բոլոր հնարավորությունները, որովհետև նրա քայլերի նպատակայնության հանդեպ հանրային վստահության մակարդակը անշեղորեն նվազում է բազմաթիվ տակտիկական սխալների, հակասությունների, մարդկանց անընդհատ հուսավառելու, ապա նույն ջանասիրությամբ հուսախաբ անելու և, վերջապես, իշխանության հետ երկխոսություն սկսելով մարտի մեկի գործի արդարացի բացահայտումը վիժեցնելու պատճառով: Այդ զանգվածը, ավելի ճիշտ, պոտենցիալ զանգվածն իրականում կա: Բայց այն չի դառնում քաղաքական գործոն, որովհետև չափազանց անկազմակերպ, ցաքուցրիվ ու հուսահատված վիճակում է, և որովհետև առ այսօր նրան հրապարակ կանչող ուժերը, մասնավորապես` հենց ՀԱԿ-ը, ոչ թե երկրի, հանրության առջև ծառացած խնդիրները լուծելու, այլ բացառապես իր քաղաքական ամբիցիաները բավարարելու և իշխանությունների` փոխատեղում հիշեցնող պարզունակ ու մակերեսային փոփոխության հարց է առաջադրել: Այդ զանգվածը հիմա չգիտի որտեղ, երբ, ինչպես, ինչ տրամաբանությամբ գործել, որովհետև չի տեսնում նպատակակետին տանող օրակարգը:
Արամ Մանուկյանը նշում է, թե այդ զանգվածը պատրաստ է լուծելու «թիվ մեկ քաղաքական խնդիրը»: Ներկայիս քաղաքական ուժերի «թիվ մեկ խնդիրն» այսօր ընտրություններին ընդառաջ` այդ օրակարգը ձևավորելն ու համոզիչ ձևակերպելն է լինելու:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ