կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 13:18
Հասարակություն

Արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման, ավազանման զանգվածի արդյունահանման փաստեր

Արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման, ավազանման զանգվածի արդյունահանման փաստեր

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի եւ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2020թ. սեպտեմբերի 14-ից 17-ը նշված տարածքներում իրականացրած չափագրման աշխատանքների արդյունքում արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման եւ ընդհանուր առմամբ 524028,7 խ/մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման փաստեր։

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ նշված տարածքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Կապույտ-Կոխի հրաբխային խարամի հանքավայրի հաստատված պաշարների եզրագծում եւ երբեւիցե ծանրաբեռնված չի եղել ընդերքօգտագործման իրավունքով:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով իրականացված գնահատմամբ՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի, այսինքն հողի բերրի շերտի վնասման եւ ոչնչացման հետեւանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝  22.620.000 ՀՀ դրամի վնաս, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում՝ 3 մլն. 982 հազ. դրամի, համայնքային գյուղատնտեսական վարելահողերում եւ այլ հողատեսքերում՝ 9 մլն. 509 հազ. դրամի, սեփականաշնորհված վարելահողերում 9 մլն. 129 հազ. դրամի չափով:

ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ նշված ծավալների արդյունահանման դեպքում՝ ենթադրական ցուցանիշներով՝ կապված հանքանյութի տեսակից (որի համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն) հաշվարկված միայն բնօգտագործման վճարը կարող է կազմել 78.000 ՀՀ դրամից մինչեւ 534.771.000 ՀՀ դրամ:

Այսինքն ուսումնասիրության արդյունքում ստացվել են տվյալներ՝ չպարզված անձանց կողմից, մինչեւ 2020թ. սեպտեմբերի 17-ը վերոնշյալ տարածքներում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու եւ օգտագործելու կանոնները խախտելու, շրջակա միջավայրին էական՝ 22 մլն. 620 հազ. դրամի վնաս պատճառելու, ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 524028,7 խ․մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական՝ ընդհանուր առմամբ 78 հազ. դրամից մինչեւ 534 մլն. 771 հազ. դրամ վնաս պատճառելու վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով եւ 291-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե: