Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեկնարկել է «Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» երկօրյա խորհրդաժողովը: Բացմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, միջազգային այլ կառույցների, քոլեջների ներկայացուցիչներ:
Աշոտյանը, կարևորելով Հայաստանում կրթության որակի և մատչելիության համադրելիությունը և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրային բարեփոխումները, նշել է. «Առանց գործարար ոլորտի աջակցության անհնար է իրականացնել կրթական բարեփոխումներ և ապահովել որակ: Հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտում տնտեսվարողները պետք է նպաստեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթության պատվերի և բովանդակության ձևավորմանը: Ի վերջո, գիտելիքի և կրթության վերջնական սպառողը տնտեսական համակարգն է: Ակնհայտ է, որ կրթության որակն այնքանով արդյունավետ կլինի, որքանով գիտելիք ունեցող մասնագետը պահանջարկ կունենա տնտեսության մեջ»:
Կարևորելով 2008 թվականից Եվրոպական Միության աջակցությամբ մեկնարկած միջին մասնագիտական ուսուցման ոլորտի բարեփոխումները` Ա.Աշոտյանը նշել է. «Հանրային ուշադրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ աճել է: Վերջին երկու տարիներին քոլեջներում և ուսումնարաններում թափուր տեղեր գրեթե չեն լինում: Սա շատ ուրախալի փաստ է, որովհետև մինչ այդ, տարիներ շարունակ միջին մասնագիտական կրթական հաստատություններում դիմորդների խնդիր կար: Մինչդեռ համաշխարհային տնտեսության հիմնական ողնաշարը միջին մասնագիտական կրթությամբ կադրերն են կազմում»:
Ըստ նախարարի` մինչև տարեվերջ Հայաստանում կավարտվի տարածաշրջանային 12 քոլեջների ձևավորումը: 2012 թվականից նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում 50 տոկոսով կավելանա պետական պատվերը: Ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտում իրականցված բարեփոխումները` նախարարը նշել է, որ այս տարի, որպես հակակոռուպցիոն շրջադարձային քայլ, քոլեջներում և ուսումնարաններում ընդունելության քննությունները հանվել են: Քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում ընդգրկվել են տնտեսվարող կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներգրավմամբ ստեղծվել է երկխոսության հարթակ:
«Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» խորհրդաժողովի նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների համար ներդրումներ և փորձագիտություն որոնել` ուսանելով կրթության և բիզնեսի համագործակցության եվրոպական, մասնավորապես` Լեհաստանի, Էստոնիայի և Ավստրիայի արդունավետ մոդելները: