կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-16 01:25
Հասարակություն

Սպառողը պաշտպանված չէ

Սպառողը պաշտպանված չէ

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է, երբ 1961 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայում այդ թեմայով ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին: 

 

Արդեն մի քանի տարի է, ինչ սպառողների իրավունքների պաշտպանության այս օրը նշվում է նաեւ մեզ մոտ, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում. սպառողների իրավունքները շարունակ խախտվում են գրեթե բոլոր ոլորտներում:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպառողների միության պաշտպայնության» ՀԿ-ի նախագահ Լուսինե Յագուբյանն ասաց, որ հաճախ այդ իրավունքների ոտնահարման մեղավորը հենց սպառողն է լինում. «Սպառողը հաճախ տեղեկացված չէ իր իրավունքների եւ պարտականությունների մասին: Երբեմն էլ չի կարողանում իր իրավունքները պաշտպանել: Բոլորիս էլ հայտնի է, որ օրենքները կա'մ չեն գործում, կա'մ գործում են վերապահումով»:

 

Սպառողներին իրենց իրավունքների մասին իրազեկելու համար կազմակերպությունը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում կազմակերպել է թրեյնինգներ, տպագրվել են բուկլետներ, թռուցիկներ եւ այլն:

 

Նույն կազմակերպության փորձագետ Կարեն Չիլինգարյանի խոսքերով` իրենք ունեն գրանցամատյան, որում նշվում են սպառողների բողոքները: Թերեւս ամենատարածված խախտումները կապված են մթերքի եւ հագուստի շուկաների հետ:

 

Հաճախ նկատել ենք, որ խանութի դռան վրա փակցված է` «Գնված ապրանքը հետ չի ընդունվում»: Սա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ հագուստն ու կոշիկը հնարավոր է փոխանակել կամ վերադարձնել 14 օրվա ընթացքում:

 

Իսկ ահա մթերքի շուկայում ամենացավոտ խնդիրը կշեռքներն են: Ստուգայցերի ժամանակ դրանք ամեն ինչ գրամ առ գրամ ճիշտ են կշռում, երբեմն նույնիսկ հօգուտ սպառողի ավել են ցույց տալիս, իսկ ահա հետո իրականությունն այլ է լինում:

 

Ըստ  Կ. Չիլինգարյանի` եթե գնահատում ես, թե որքանով են Հայաստանում պաշտպանված սպառողների իրավունքները, ապա 10 բալանոց սանդղակով գնահատականը կանգ է առնում 5-6-ի վրա:

 

Իսկ Լ. Յագուբյանը կոչ արեց սպառողներին լինել իրազեկված, մի կողմ դնել լուռ անտարբերությունը եւ պաշտպանել սեփական իրավունքները: