Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի նստավայրում տեղի ունեցած վերջին կադրային փոփոխություններում էականը ոչ այնքան աշխատակազմի ղեկավարի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելն էր, որքան նախագահի կողմից այն անմիջապես ընդունելը:
Կարեն Կարապետյանը պաշտոնից ինքնակամ ազատման արդեն երկրորդ դիմումն է գրում: Սակայն նախորդ անգամ` 2010-ի դեկտեմբերին, Սերժ Սարգսյանն այն չէր ընդունել: Եվ դա վկայում է, որ այս անգամ Կարապետյանի հրաժարականը ինչ-որ տեղ նույնիսկ բխել է Սերժ Սարգսյանի քաղաքական շահերից:
Ողջ խնդիրն այն է` ինչու է դա տեղի ունենում հիմա: Եթե այլևս նախկին աշխատակազմի ղեկավարն այդ քայլին դիմած լիներ անձնական խնդիրների կամ տնտեսական ոլորտ տեղափոխվելու պատճառով, ապա նրա հրաժարականի շուրջ նման տեղեկատվական լռություն պահպանելու որևէ անհրաժեշտություն չէր առաջանա: Ըստ ամենայնի` սա հերթական դեպքն է, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարը դառնում է ներիշխանական ինտրիգների կամ քաղաքական ուժերի վերադասավորման զոհը: Անկախ նրանից` Կարապետյանից հետո ով կնշանակվի աշխատակազմի ղեկավար, նրա ապարատում Միքայել Մինասյան-Վիգեն Սարգսյան զույգի բացարձակ ազդեցությունը դառնում է անվիճելի:
Կարապետյանը նախագահականում մարմնավորում էր նախագահին սատարող քաղաքական թիմի պահպանողական թևը: Եվ այս հրաժարականը, անկախ պատճառներից, առաջին հերթին հարված էր հենց իշխանության այդ հատվածին: Ըստ էության` նախագահը հասկացնում է, որ ներիշխանական ուժերի բաշխվածության համատեքստում «տարեցները» չեն ունենալու նախկին հարաբերական հեգեմոնիան: Եթե նկատի ունենանք, թե ինչ կրքեր են բորբոքվում ԱԺ գալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման շուրջ, ապա միանգամայն հասկանալի է դառնում նախագահի նման նախազգուշական քայլերի իմաստը: Նա աստիճանաբար իր քաղաքական հենարանին սովորեցնում է տեղ բացել նաև ավելի երիտասարդ, նախաձեռնող, ամբիցիոզ ուժերի համար և նրանց խաղալու, քաղաքական արենայում ինքնադրսևորվելու ավելի լայն ասպարեզ է տալու:
Իհարկե, սա քաղաքական սերնդափոխություն չէ այն պատճառով, որ իրենց արժեհամակարգով երիտասարդները դուրս չեն մեր քաղաքական մշակույթի ու ավանդույթների տիրույթից: Մյուս կողմից՝ Կարապետյանի հեռացումը լրջագույն ահազանգ է նաև հայաստանյան օլիգարխիայի համար, որը Գագիկ Բեգլարյանից հետո կորցնում է իր չափազանց ազդեցիկ երկրորդ դեմքին իշխանության ամենավերին էշելոններում: Օլիգարխիայի դեմ այս արշավանքն իսկապես հետաքրքիր դրսևորումներ է ստանում: Սկզբից, ինչպես հայտնի է, որդեգրվել էր այս համակարգը գլխատելու տարբերակը, և սլաքներն ուղղվել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ: Վերջինիս ստիպելով մնալ կոալիցիայում, այնուամենայնիվ, ամբողջությամբ դիմազրկել այդպես էլ չհաջողվեց: Ծառուկյանը շարունակում է մնալ հարաբերականորեն անկախ եւ ինքնուրույն գործիչ, որն էլ դրդում է իշխանությանը գնալ օլիգարխներին անհատապես չեզոքացնելու ճանապարհով:
Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ գալիք ընտրություններին հին մեթոդներով հաղթելու շանսեր գրեթե չունի: Այսօրվա հասարակությունը 2007-ինը չէ, և ներկայումս այնպիսի քաղաքական իրավիճակ չէ, ինչպես այն ժամանակ: Եվ նա բոլորից լավ է հասկանում, որ եթե շարունակի որպես հիմնական գործիք օգտագործել օլիգարխիային, ինչպես նախկինում և ինչպես հենց վերջիններս են ցանկանում, ապա նրանք կարող են ընտրությունների ժամանակ վերահսկողությունից դուրս գալ և իրենց սեփականությունը, իշխանությունը պահպանելու մղումով գնալ օրինականությունից դուրս կոշտ քայլերի, որն ուղղակիորեն հարվածելու է վերընտրվելու ցանկություն ունեցող Սերժ Սարգսյանի հեղինակությանը:
Գուցե հենց այդ հեռանկարից է փորձում իրեն ապահովագրել նախագահը: Մանավանդ որ, մտահոգվելու առիթ ունի: Չնայած «Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունմանը, որով ուղղակի արգելվում է ձեռնարկատիրությամբ զբաղվողներին դառնալ պատգամավոր և այդ մասին նախագահի, վարչապետի հավաստիացումներին, այդ շրջանակները շարունակում են պնդել, որ իրենք անպայման ներկայացված են լինելու գալիք խորհրդարանում: Այլ խնդիր է` որակական այդ փոփոխությունը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա քաղաքական դաշտի վրա: Եթե հաշվի առնենք այն ամբիցիաները, որոնք ունեն նորօրյա «կոմսոմոլները», այս փոփոխությունը կարող է մրից դուրս գալու, մրջուրն ընկնելու էֆեկտն ունենալ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ