Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացրել են Վիեննայում իրենց անցկացրած խորհրդակցությունների մասին, որոնց նպատակը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հանդիպման նախօրեին (դեկտեմբերին, Վիլնյուսում) գործողությունների ծրագրի քննարկումն է եւ համակարգումը:
Համանախագահները Մինսկի խմբին ծանուցել են նաեւ աշխատանքները հակամարտության կողմերի հետ բարձր մակարդակով շարունակելու մասին, որոնք անցկացնում են համանախագահ երեք երկրները, ինչպես նաեւ այն կոնկրետ ջանքերի մասին, որոնք միտված են հրադադարի ամրապնդմանը եւ Հիմնարար սկզբունքները որպես խաղաղության համաձայնագրի վերականգնման հիմք ճանաչելու ձեռքբերմանը: Սակայն, դեռեւս չճշտված տեղեկություններով, սեպտեմբերի կեսերին միջնորդները մտադիր են այցելել հակամարտության շրջան: Դատելով հայտարարություններից՝ նրանցից չպետք է նոր բան սպասել, եւ խաղաղ գործընթացում շարունակվելու է նույն այդ ժամավաճառությունը տխրահռչակ Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման շուրջ:
Հայկական եւ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունների եւ փորձագետների միջեւ ընթացող խոսքակռիվը վկայում է, որ չպետք է որեւէ առաջընթաց ակնկալել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Ադրբեջանը առաջվա նման ցանկանում է վերադարձնել մինչպատերազման իրավիճակը եւ ուժի կիրառման սպառնալիքներին զուգահեռ փորձում է իրավական հիմք գտնել դրա համար: Հայկական կողմը հավաստիացնում է, որ շարունակելու է ջանքերը հակամարտությունը «բացարձակապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի, ՄԱԿի Կանոնագրում արտացոլված սկզբունքների վրա» եւ կոչ է անում չկասկածել իր դիրքորոշման անսասանությանն ու հստակությանը՝ վստահեցնելով, թե կա մի կարմիր գիծ, որը Երեւանը երբեք չի կարող անցնել… Անհասկանալի է, սակայն, թե որտեղ է այդ կարմիր գիծը:
Եթե խոսքը ԼՂՀ ճանաչման անշրջելիության մասին է, ապա թույլ տվեք հարցնել՝ ԼՂՀ-ն ո՞ր սահմաններում: Այս հարցի պատասխանը չեն տալիս անգամ այն քաղաքական ուժերը, որոնք պարբերաբար բարձրաձանում են Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման պահանջը: Հայ հասարակությունը մինչեւ ե՞րբ պիտի այս հարցում զբաղվի գուշակություններով: Հայկական դիվանագիտությունը պնդում է, թե մեր դիրքերը ԼՂ հարցում միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի են. ՄԱԿի Կանոնագրում նշված՝ Կազմակերպության նպատակների շարքում ասվում է ազգերի միջեւ բարիդրացիական հարաբերությունների զարգացման մասին՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի հարգման հիման վրա, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը նշված է որպես ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը միտված սկզբունք:
Համաձայն ՄԱԿ-ի մեկ այլ փաստաթղթի, պետությունների ներքին գործերին չմիջամտելը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, եւ պետության իրավունքն ու պարտականությունն է լիովին պաշտպանել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ազատությունը եւ անկախությունը, ագրեսիա է հանդիսանում պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ ուրիշ երկրի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ, կամ որեւէ այլ ձեւով, որն անհամատեղելի է ՄԱԿ-ի Կանոնագրին, իսկ «պետություն» եզրը օգտագործվում է՝ չկանխորոշելով ճանաչման հարցը կամ այն հարցը, թե այդ պետությունը ՄԱԿ-ի անդամ է, թե ոչ:
Այս մեկնաբանությունները, սակայն, կոչված են պատասխանելու ոչ միայն Բաքվի բանավոր եւ ընդհանրապես՝ ագրեսիվությանը, այլեւ մեզ համոզելու Երեւանի վարած քաղաքականության ճշմարտացիության մեջ: Սակայն դրանք չեն պատասխանում ո՛չ վերն առաջ քաշված հարցերին, ո՛չ էլ Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների հիմնախնդիրը բանակցությունների օրակարգում ընդգրկելու մասին հասարակության կողմից պարբերաբար բարձրացվող հարցին: Բայց չէ՞ որ նրանց իրավունքների պաշտպանությունը ենթադրում է ԼՂՀ սահմանների հարցի պատասխանը:
Ադրբեջանից հայ փախստականներն ունեն ոչ միայն նյութական ու բարոյական, այլեւ տարածքային փոխհատուցման իրավունք, եւ դրա համար ռեսուրս են հանդիսանում ազատագրված տարածքները: Սակայն այս թեման հայկական դիվանագիտությունը ջանադրորեն շրջանցում է: Իսկ ինչպե՞ս կարելի է պաշտպանել ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ հրաժարվելով այդ ժողովրդի՝ էթնիկ զտումների եւ ցեղասպանական գործողությունների ենթարկված կես միլիոն ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունից:
Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ