կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-25 12:23
Հասարակություն

Ուզածս շաբաթական մի օր դատարկ սենյակ էր. երգչախմբի ղեկավարին նախարարը խոստացել է օգնել, սակայն խոստումն օդում է մնացել

Ուզածս շաբաթական մի օր դատարկ սենյակ էր. երգչախմբի ղեկավարին նախարարը խոստացել է օգնել, սակայն խոստումն օդում է մնացել

«Սաղմոսերգու» երգչախմբի ղեկավար, երգիչ, կոմպոզիտոր Վահե Բեգոյանը դեռևս մայիս ամսին դիմել է մշակույթի նախարարին` խնդրով, որ իր երգչախմբին շաբաթական մեկ կամ երկու անգամ երկու ժամով Կամերային երաժշտության տանը տրամադրեն դատարկ փորձասենյակ կամ դահլիճ` պարապմունքներ անցկացնելու համար:

«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը հյուրախաղերով պետք է մեկնի Գերմանիա։  Նախարարը խոստացել է, որ կօգնեն, սակայն ոչինչ չեն ձեռնարկել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեգոյանը:

«Երկու շաբաթ անց, իմ հիշեցնելուց հետո զանգեց մի աղջիկ, ասաց նախարարի օգնականն է, և ուզում է հասկանալ ինչ խնդիր է։ Ներկայացրեցի։ Ասաց կզանգի ինձ...

Անցավ ևս շաբաթ ու կես, էլի հիշեցրեցի, զանգեց մի ուրիշ աղջիկ՝ փոխնախարարի օգնական, ասաց` ուզում է հասկանալ ինչ խնդիր է։ Ներկայացրեցի։ Ասաց՝ վա՜յ, նման խնդրով մյուս փոխնախարարն է զբաղվում, կփոխանցեմ իրենց՝ կզանգեն...

Անցավ ևս շաբաթ ու կես, էլի հիշեցրեցի, զանգեց մյուս փոխնախարարի օգնականը, ասաց ուզում է հասկանալ` ինչ խնդիր է։ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻ!!! ասաց կզեկուցեմ փոխնախարարին՝ կզանգի ձեզ...

Անցավ ևս շաբաթ ու կես, էլի հիշեցրեցի, ասացին փոխնախարարը երկու անգամ զանգել է ձեզ՝ չեք պատասխանել (մեկ էլ չէ՝ երկու)...իհարկե ոչ մի բաց թողնված զանգ չեմ ունեցել !!! ասացի լավ, թող հիմա զանգի։ Ասացին՝ հետ կզանգենք։ Հետ զանգեցին, թե բա, գիտե՜ք, փոխնախարարն ասաց, որ պիտի դիմում գրած լինեիք, որ էդ դիմումին ընթացք տայինք...

Գնացի, դիմումը գրեցի...

Երկու օր հետո գնացի հայց էլ լրացրեցի, որ նախարարն ընդունի։

Երկու օր հետո զանգեցին, թե բա, գիտե՜ք, ոնց հասկանում ենք, ՁԵՐ ՀԱՐՑԸ ՀՐԱՏԱՊ Է, որ հիմա էս հայցը գրանցենք, մի 150 մարդ կա, որ պիտի մտնի նախարարի մոտ, Աստված գիտի Ձեր հերթը երբ կհասնի, իմաստ ունի՞ գրանցելը...

Ասացի՝ վայ ոչի՜նչ, որ մինչև իմ հերթի հասնելը հարցս լուծված լինի՝ կգամ նախարարի հետ մի բաժակ սուրճ խմելու...

Ուզածս շաբաթական մի օր դատարկ, պարապ սենյակ էր՝ երկու ժամով... 
Առաջ քաշածս հարցը՝ փոխնախարարի քարտուղարուհու մի հեռախոսազանգով լուծվելիք...

Կներեք, որ իմ երգածը շարական է»,- գրել է նա:

Yerkir.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Աննա Սմբատյանը խնդրի մասին ասաց, որ Բեգոյանի գրավոր դիմումին ընթացք են տվել: «Գրավոր դիմումին ընթացք ենք տվել, այն մի շարք ընթացակարգեր է պահանջում, պետք է դեռ ճշտել` ազատ դահլիճ կա՞, չկա՞»,- ասաց նա:

Ուշագրավ է, որ մինչ նախարարությունը դիմումին ընթացք կտար, երգչախմբի` պարապունքներ անցկացնելու վայրի հարցը  լուծվեց: Բեգոյանը տեղեկացնում է, որ հարցը լուծել է Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը. երգչախումբն իր պարապմունքներն  անհատույց անցկացնում է Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում: