կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 13:22
Հասարակություն

Պաշտպանության նախարարի փոխարեն` ոստիկանապետը

Պաշտպանության նախարարի փոխարեն` ոստիկանապետը

Կառավարության շենքի մոտ հերթական հինգշաբթի օրը հավաքվել են խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների մայրերն ու հարազատները: Այս անգամ նրանց էին միացել նաեւ տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող ակտիվիստներ, քաղաքացիներ:

«Բանակն առանց մարդասպանների», «Հերիք ա լռենք», «Չհայտարարված պատերազմ հայ զինվորի դեմ» եւ այլ պաստառներով ակտիվիստները պահանջում են արդար դատաքննություն եւ հանցագործների բացահայտում:

Ներկաները ցուցադրում են նաեւ պաստառներ, որոնց վրա նշված են զոհված զինծառայողների անուններն ու մահվան պատճառները` «Սամվել Խաչատրյան. գոտիով «կախվել» է` ավելի բարակ լարով խեղդվելուց առաջ», «Ռոբերտ Ավետիսյան. ջրծաղիկով հիվանդ դուրս է գրվել բուժմասից եւ գնացել է պահակակետ, որ ինքնասպան լինի», «Տիգրան Օհանջանյան. «հոսանքահարվել» է ձգալարից, որում հոսանք չկա» եւ այլն:

Հավաքվածներն իրենց արդարացի բողոքն ու պահանջը ներկայացնելու համար սպասում էին կառավարության նիստի ավարտին, որպեսզի հանդիպեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Սակայն պարզվեց, որ վերջինս կառավարության նիստին ներկա չի եղել: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, թե, որպես անձ, մտահոգված է այս խնդրով եւ իր իրավասության շրջանակներում անում է ամեն ինչ, որ երկրում արդարություն լինի:

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին վրդովեցրեց այն, որ հավաքվածները բանակի խնդիրներով իրեն են դիմում, քանի որ ինքն այդ հարցով պատասխանատու չէ, սակայն խոստացավ, որ կմիջնորդի, որպեսզի զոհված զինծառայողների հարազատները կարողանան հանդիպել Սեյրան Օհանյանի հետ: