կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-24 16:03
Առանց Կատեգորիա

Armenian Weekly-ն հիշեցնում է Ռիկարդոնեին

Armenian Weekly-ն հիշեցնում է Ռիկարդոնեին

ԱՄՆ-ում լույս տեսնող Armenian Weekly պարբերականը հոդված է հրապարակել, որում Թուրքիայում գործող քրիստոնեական եկեղեցիների առնչությամբ որոշ տվյալներ է ներկայացնում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի ուշադրությանը։

Դեսպան Ռիկարդոնեն, վերջերս անդրադառնալով Թուրքիայում գործող քրիստոնեական եկեղեցիներին, կեղծ հիմնավորումներ էր արել դրանց առնչությամբ, ուռճացրել Թուրքիայում ներկայումս գործող եկեղեցիների թիվը։

Պարբերականն ընդգծում է, որ մինչև 1915թ. Օսմանյան Թուրքիայում գործած հայկական եկեղեցիների թիվը 2300 է եղել, իսկ այսօր Թուրքիայում ընդամենը 34 առաքելական եկեղեցի է գործում՝ 28-ը Ստամբուլում, 6-ը՝ Արևելյան Անատոլիայում։ Armenian Weekly-ն ընդգծում է, որ եթե Հայ Առաքելական եկեղեցիների թվին (2300) գումարվի նաև մինչև 1915 թ. գործած հայ կաթոլիկ, ավետարանական, բողոքական եկեղեցիների, հունական եկեղեցիների, ինչպես նաև եվրոպական տարբեր համայանքներին պատկանող կաթոլիկ, բողոքողական և ուղղափառ եկեղեցիների թիվը, ապա «կարելի է հեշտությամբ կրկնապատկել այդ թիվը»։

Պարբերականն այնուհետեւ ներկայացնում է ներկայիս Թուրքիայում գտնվող (ոչ միայն գործող) հայկական և մյուս քրիստոնեական եկեղեցիների ցանկը, որն ընդամենը 151 անուն է պարունակում (պարբերականն ընդգծում է, որ ցանկում ներառված չեն միայն վերջին տարիներին կառուցված քրիստոնեական մի քանի եկեղեցիներ)։

Հիշեցնենք, որ ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի այն հարցին, թե «մինչև 1915թ. ներկայիս Թուրքիայի տարածքում գործած 2000-ից ավելի քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր գործում` որպես եկեղեցիներ», Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ասել էր, թե դրանց մեծ մասը: Իսկ օրեր առաջ որոշակի ճշտումներ էր մտցրել իր պատասխանի մեջ` դարձյալ ուռճացված թվեր ներկայացնելով։

«Ձեր թույլտվությամբ ես հնարավորությունից կօգտվեմ՝ տվյալների մեջ ճշտումներ մտցնելու համար,- նշել է դեսպանն իր նոր պատասխանում,- մինչև 1915թ. Թուրքիայում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը որպես եկեղեցիներ այլևս չեն գործում։ Թուրքիայում քրիստոնեական համայնքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ 1915-ից և ավելի վաղ ժամանակաշրջանից հիշատակվող 200-250 եկեղեցի տարին առնվազն մեկ անգամ կրոնական պատարագներ են կազմակերպում։ Շատ եկեղեցիներում ամեն շաբաթ ժամասացություն տեղի չի ունենում՝ հոգևորականների և քրիստոնյա բնակչության ոչ բավարար քանակի պատճառով։ Որոշ եկեղեցիներ որպես թանգարաններ են գործում, մյուսները մզկիթների են վերածվել։ Մի մասն էլ խարխլվել է կամ, հավանավար, ամբողջությամբ ոչնչացվել»: