Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010 թվականի հուլիսի 13-14-ը ՀՀ տարածքային կառավարման եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները համատեղ փաստաթուղթ են ստորագրել, համաձայն որի` մարզպետարաններում սկսել են գործել ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ: Մեկ տարի անց տարածքային կառավարման նախարարությունը ինֆորմացիա է տարածում, թե նախարարությունն այդ բաժինների գործունեության վերաբերյալ վերլուծություն է կատարել:
Տվյալ փաստաթղթում, սակայն, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտնաբերել է, որ այդ բաժինները շեղվել են կանոնադրությամբ հաստատված իրենց գործառույթներից:
«Տեղեկանքում շատ ընդհանուր ձեւով բերված են տեղական հասարակական եւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերը եւ ոչ մի խոսք այն մասին, թե զարգացման ինչ ծրագրեր են իրականացվել: Ավելին` վերոնշյալ կազմակերպությունների իրականացրած ծրագրերի ճնշող մեծամասնությունը ոչ թե զարգացման, այլ հումանիտար ծրագրեր են, որոնք խորացնում են մուրացիկի հոգեբանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատգամավորը եւ մի շարք օրինակներ բերեց. «Օրինակ` Գեղարքունիքի մարզպետը հաշմանդամ 101 երեխաների ընտանիքներին դրամական օգնություն է տվել, ինչը կանոնադրությամբ չի պահանջվում: Տվել ես, լավ ես արել, բայց դա որպես բաժնի գործառույթ ներկայացնելը...»:
Ի պատասխան բերված կոնկրետ օրինակներին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը սկսեց նրանից, թե հավաքված լրագրողների դեմքերն իրեն անծանոթ են, ու թե սոցիալական ոլորտում մասնագիտացված լինելը լավ է, քանի որ հաճախ քաղաքական գործիչներն ու պատգամավորները տերմինները խառնում են: Ա. Բախշյանը նկատեց, թե իր նշած յուրաքանյուր բառի տակ փաստաթուղթ կա, եւ ինքը ոչինչ չի խառնում:
Այնուհետեւ Ֆ. Բերիկյանը շարունակեց պատմել, թե ինչու են ստեղծվել այդ բաժինները, իսկ կոնկրետ հարցին, թե արդյո՞ք այդ բաժինները չեն շեղվել իրենց գործառույթներից, պատասխանեց. «Բացարձակապես ոչ: Մարզպետարանների այդ բաժիններն ամենօրյա աշխատանքներ են կատարում, որոնց մասին հաշվետվություններ չեն գրվում: Իսկ այդ աշխատանքները մեր երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում լրջագույն դեր ունեն»:
Սակայն այն նկառմանը, թե կանոնադրությունում նշվում է, որ այդ բաժինների գործառույթի մեջ մտնում է մարզում ընտանիքի, կանանց եւ երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը եւ դրանց կատարման ապահովում, եւ հարցին ի՞նչ նման ծրագրեր են իրականացրել այդ բաժինները, Բերիկյանն այդպես էլ չպատասխանեց:
Աստիճանաբար կրքերը թեժանում էին, Ֆ. Բերիկյանը, հունից դուրս գալով, բղավում էր, ասում, թե Ա. Բախշյանը ոլորտում որոշ տերմիններ չի տարբերում իրարից, շատ բաների էլ չի տիրապետում: Իսկ բանավեճի վերջում էլ ասաց, թե չի պատկերացնում ինչ պիտի գրեն լրագրողներն այդ «անլուրջ» խոսակցության վերաբերյալ:
Անահիտ Բախշյանն էլ ասաց, թե ինքը երկար ժամանակ աշխատել է, փաստերը համադրել, ուսումնասիրել եւ համապատասխան վերլուծությունը ներկայացրել, որպեսզի ոչ թե այն անլուրջ համարեն, այլ հաշվի նստեն առկա խնդիրների հետ: