կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-09 15:14
Հասարակություն

Վիճաբանություն «Մարտի 1-ի» գործով դատական նիստին․ Քոչարյանի պաշտպանները պնդում են՝ իրենց հասցեին սպառնալիք է հնչել

Վիճաբանություն «Մարտի 1-ի» գործով դատական նիստին․ Քոչարյանի պաշտպանները պնդում են՝ իրենց հասցեին սպառնալիք է հնչել

«Մարտի 1-ի» գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն սկսվեց։  

«Մարտի 1-ի» գործով տուժողի իրավահաջորդներից մեկը հայտարարեց․  «Փաստաբանների կողմից խոսք գնաց, որ տուժողի իրավահաջորդները կարող են իրենց վատ զգալ, ես ուզում եմ հարցնել փաստաբաններին՝ իրենք  եթե մեր տեղը լինեին, իրենք իրենց լավ կզգայի՞ն։ Թող հարգեն Մարտի 1-ը և չփորձեն այլ երևույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»։

Դատավոր Աննա Դանիբեկլյանը միջամտեց, որ հայտարարությունները չեն քննարկվում։ Վիճաբանություն սկսվեց երկու կողմերի միջև։

Վիճաբանություն է սկսվել նաև դատարանի դահլիճում։

Պաշտպանական կողմը պնդեց՝ իրենց հասցեին սպառնալիք է հնչեցվել։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկություն ներկայացրեց․ «Առարկություն եմ ուզում ներկայացնել կողմերի գործողությունների դեմ։ Դատը վերածվում է քննարկումների և ռազբորկաների, մենք ենք սկսել, դուք եք սկսել, դուք եք սկսել, մենք ենք սկսել, դուք ասեք ինձ ինչ է ասել։ Դատական նիստը ձայնագրվում է։ Պաշտպանության կողմը ցանկացած բան, որ իրեն պարզ չի եղել դատական նիստի ժամանակ, կարող  է ձայնագրությունը ստանալ և իր համար հետևություններ անել»։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը ընդունելի է  համարում առարկությունը։

Պաշտպանական խմբից Հովհաննես Խուդոյանը արձագանքեց․  «Գործընկերոջս կողմից նշվեց, որ հնչեցվել է սպառնալիք, այո մենք կարող ենք լսել ձայնագրությունը, հաջորդ դատական նիստին բարձրաձայնել, բայց  այն դիրքորոշումը, որը ներկայացրեց դատախազությունը, եթե դատախազության համար այդ ամենը նորմալ է, դա կհամարենք դատախազության դիրքորոշումը»։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատական նիստն ավարտված է, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 13։00-ին։

Հայկ Ալումյանն ասաց, որ չի լսել  սպառնալիքը, ցանկանում էր ճշտել, թե ինչի մասին էր խոսքը, ապա հավելեց, որ կլսեն ձայնագրությունը, ապա եզրակացություններ կանեն։