կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-30 12:26
Առանց Կատեգորիա

Գանձասարը եւ պատերազմական վարդավառները

Գանձասարը եւ պատերազմական վարդավառները

1918 թվականին թուրքական բանակը, գրավելով Էրզրումը, Կարսը, մի շարք բնական ամրություններ, պարտություն կրեց Արարատյան դաշտում, ուր հայկական բանակը, թեև պաշտպանական որևէ հենակետ չուներ, փոխարենը հայ զինվորների թիկունքում Սուրբ Էջմիածնի պարիսպներն էին: Թիկունքում Էջմիածինը ունեցող Սարդարապատի խորհուրդը 72 տարի անց կրկնվեց Արցախում, որը ևս ունի իր փոքր Արարատը՝ Մռավը, իր Արաքսը՝ Խաչենագետը ու Արարատյան դաշտը հիշեցնող Խաչենագետի հովիտը և վերջապես ունի իր հոգևոր կենտրոնը՝ Գանձասարը:

Այդ պատճառով հակառակորդի 1992թ. հունիս-հուլիսյան հարձակումը, որի ընթացքում գրավվեց Շահումյանը և Մարտակերտի շրջանի մի զգալի մասը, կասեցվեց Վաղուհասի ու Կիչանի դիմաց, որովհետև այս երկու բնակավայրերից ճանապարհը տանում էր դեպի Գանձասար: Հայոց Արևելյան կողմերի հոգևոր կենտրոնը, որ դարերի ընթացքում ականատեսն էր եղել արցախահայության հաղթանակներին ու կրած արհավիրքներին, հիմա էլ պետք է տեսներ Կիչանից Ստեփանակերտ տանող խճուղիով իր պատմական բնօրրանից դեպ անհայտ հեռուները ընթացող Հյուսիային Արցախի գաղթականության քարավանները:

Տնավեր դարձած ժողովուրդը, Առաջաձորի մոտից անցնելով, գլխիկոր իր հայացքը մի պահ բարձրացնում էր հեռվում երևացող Գանձասարին և սոսկում հնարավոր կորստյան համար: Գանձասարի աներերության հավատը, սակայն, անքան մեծ էր, որ երբ անգամ ընթացող մարտական գործողությունների որոտը արձագանքվում էր վանքի կամարների ներքո, այստեղից չհանվեցին նույնիսկ վանքի սրբությունները:

Գանձասարի վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին, և ինչպես Հովհաննես Մկրտչին նվիրված բոլոր վանքերի, այդ թվում և Մշո Սուրբ Կարապետի ուխտագնացությունը և տոնը կատարվում են Վարդավառի տոնին: Վարդավառը քանի որ նաև Գանձասարի ուխտի օրն է, ուստի խորհրդանշական ձևով նրա վերաօծումը 1990թ. կատարվեց հենց այս տոնին: 1991թ. ամռանը Արցախի վրա սև ամպի նման իջել էր տեղահանություն բառը և մոլեգնում էին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով անցկացվող ձերբակալությունները:

Այդ օրերին մահացու մի հանցանք էր համարվում Հայաստանի գրանցմամբ անձնագիր ունենալը և անգամ անձնագրի ցույց չտալը հավասարազոր էր Հայաստանցի լինելուն: «Հայաստանցի» ու «արցախցի» մի քանի ընկերներով այդ օրերին որոշեցինք Շահումյանից գալ Գանձասար: Մեզնից որևէ մեկը թեև առանձնապես չէր փայլում իր հավատացյալ լինելով, սակայն ներքին հավատն ունեինք, որ Վարդավառին Գանձասար գնալուց չենք բռնվի: Գյուլիստանի անտառներով հասնելով Հաթերք և այստեղից մինչև Վաղուհաս ընկած բաց տարածությունը գիշերով մի կերպ անցնելով ու նորից անտառ մտնելով՝ Վարդավառին հասանք Գանձասար, այդ մի գիշերվա մեջ Վարդավառի ընդունված ծիսակարգով «յոթն ախպյուրից ջուր խմելով», սակայն ոչ մեր անձնական ցանկությունների իրականացման, այլ Արցախի ապագայի համար:

Գրեթե ամայի ու դատարկ վանքում ընթանում էր Սուրբ Պատարագը, որին ներկա էին մի քանի հոգի շրջակա գյուղերից: Երբ լուր եկավ, որ ներքևում գտնվող Վանք գյուղ են հասել զինվորական պարետատան զինծառայողներից և շարժվում են դեպի վանք ելնող ճանապարհը, վանքի աղբյուրից մի-մի բուռ ջուր վերցրեցինք, արագ նորից դարպասից ներս մտանք ու ջուրը ցողեցինք եկեղեցու դարավոր հաստակեղույս որմերին, և մեզ ապավեն ունենալով վանքի գմբեթը, մաղթեցինք, որ հաջորդ տարի ևս Վարդավառի տոնին այս աղբյուրի ջրի ցոլքերը տարածվեն Գանձասարում, և Հայաստանի մեր անձնագրերով նորից անտառ շտապեցինք: Հաջորդ տարի` 1992 թվականին, Վարդավառը հուլիսի քսանութին էր, երբ Գանձասարի դիմացով անցնող ռազմաճակատի գծում մարտական գործողությունները ընթանում էին փոփոխական հաջողություններով:

Այդ օրը ջուր ցողելու ժամանակ չկար: Ջուրը ցայտում էր Թարթառով գետանցում իրականացնող զրահատեխնիկայի թրթուրներից ու անիվներից: 1993 թվականի Վարդավառին Գանձասարը վերստին թիկունք էր դարձել, և Վարդավառը նշվեց դրանից օրեր առաջ ազատագրված Մարտակերտում: Մարտակերտի գնդի զինվորներից մեկը հիշեց, որ նախկինում իրենք ջրոցին՝ Վարդավառը, քաղաքի զբոսայգում են արել, և անգամ այստեղի նշանավոր անիվից ջուրը ներքև լցրել: Այս զբոսայգին թեև հակառակորդի հրետանային կրակի համար ավելի բաց և տեսանելի դիրքում էր, սակայն խաղաղ օրերի պատրանքը վերստեղծելու գայթակղությունը այնքան մեծ էր, որ դիրքային հերթապահությունից ազատ եղողների քայլերը ինքնաբերաբար ուղղվեցին այնտեղ: Անցած օրերը առավել շոշափելի զգալու համար նրանցից մեկն անգամ սկսեց վեր ելնել անշարժ կանգնած անիվի մետաղյա շրջանագծով, որպեսզի վերևից ջուր լցնի:

Մինչև բոլորը ոգևորված այդ պահին էին սպասում, հաջորդեց հակառակորդի «Գրադի» համազարկը, որի արկերը բարեբախտաբար հեռվում պայթեցին, և հարվածի մահաբեր ուժը կորցրած բեկորները պարզապես մետաղյա զրնգոցով ներքև թափվեցին, հիշեցնելով, որ Վարդավառի ժամանակը դեռ չի եկել: Ապա հիշեցինք նախորդ տարվա Վարդավառը, որը 1992-ին ողջ օրվա մարտական ընթացած գործողությունների պատճառով թեև հնարավոր չեղավ կատարել, սակայն երեկոյան բուռն մի քննարկում գնաց, որ եթե 1993թ. Վարդավառին ողջ լինենք, որտեղ ենք լինելու:

Բոլորը ենթագիտակցաբար մտածում էին, թե մեր դիրքերը տեսնես Գանձասարից առաջ կլինե՞ն, թե՞ ետ, բայց ոչ ոք դա բարձրաձայն չասաց: Լռությունը խզած լավատեսներից մեկն ասաց, որ 1993-ի Վարդավառը Մարտակերտ շրջկենտրոնում ենք անելու: Այդ պահին քչերը հավատացին այդ խոսքերին, սակայն բոլորը միաբերան ասացին «Աստված ձենդ լսի»: Եվ ահա 1993-ի Վարդավառին իրապես Մարտակերտում ենք, այն էլ՝ անիվի մոտ: Պատսպարվելով «Գրադի» հնարավոր երկրորդ համազարկից, առանց խոսելու, աչքերով իրար ուղղեցինք այն հարցը, որ եթե դարձյալ ողջ մնանք, 1994-ի Վարդավառին ո՞ւր ենք լինելու: Չտրված այս հարցին ի պատասխան՝ մեկն ասաց՝ Շահումյանում: Հակահարձակման ընդհանուր ոգևորության պայմաններում սակայն, անգամ դա քիչ թվաց, ու ավելի լավատես մեկն ասաց՝ Գետաշենում: Այս խանդավառության մեջ մռայլ գուշակություն թվաց հաջորդ տարվա Վարդավառին Թալիշում լինելու տարբերակը: Հաջորդ մեկ տարվա ընթացքում ռազմաճակատի գիծն անցավ Թալիշը, սակայն չհասավ Շահումյանին ու Գյուլիստանին: 1994-ի Վարդավառն ամենալիաթոքն ու իրապես նվաճվածն էր Արցախյան շարժման ու պատերազմական տարիներին հաջորդած Վարդավառներից հետո:

Կրակված արկերի պարկուճներից ու զինվորական տափաշշերից հորդացող ջուրը ասես զվարթ կարկաչում էր՝ ավետելով սկսվելիք խաղաղ կյանքի մասին: 1994թ. Վարդավառից կարճ ժամանակ անց հերթով սկսեցինք զորացրվել, և հետո որևէ առիթ չեմ ունեցել անցած 17 տարիների Վարդավառներից որևէ մեկին վերստին Արցախում լինել ու չեմ կարող ասել, թե անցնող այս տարիներին ինչպես է ջուրը ցողվել այդ օրը, բայց հավատացած եմ, որ մենք ՀՀ և ԼՂՀ անկախության քսանամյակին հաջորդող տարիները ազգովի այնպես կապրենք, որ գալիք էլ ոչ մի Վարդավառ չհիշեցնի Գանձասարի մատույցներում 1992-ին անցկացրած Վարդավառի օրը:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ