Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արագածոտնի մարզի Օշական գյուղում զբոսաշրջիկներ հաճախ են լինում: Թեեւ գյուղը հարուստ է պատմամշակութային կոթողներով, հուշարձաններով, զբոսաշրջիկների հիմնական այցելության վայրը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա կառուցված եկեղեցին է:
Հերթական անգամ Օշականում եմ, այս անգամ` զբոսաշրջիկների հետ: Բայց մինչ §Մեսրոպ Մաշտոցին քովը եկած¦ երեխաները նկարվում են Մաշտոցի արձանի կամ իրենց անվան սկզբնատառերի մոտ, ինձ ավելի շատ գյուղի դարդն ու ցավն է հուզում, գյուղացու օրվա հացն ու ապրուստը...
Այստեղ գյուղացին, օրվա ապրուստը հազիվ հոգալով, հաճախ ժամանակ էլ չի ունենում հիշելու, որ իրենց գյուղը ժամանակին արքայական ոստան է եղել կամ, որ Մաշտոցն անձամբ է այստեղ դպրոց հիմնադրել: Գյուղի պատմական անցյալի մասին հուշում է նաեւ հին գերեզմանատունը, որտեղ արդեն խառնվել են §հին ու նոր մեռելները¦...
Գյուղի բնակիչ Սոնա Մկրտչյանը եկեղեցում է աշխատումՙ մոմ է վաճառում: Նա նշում է, որ նախորդ տարիների համեմատ, այս տարի զբոսաշրջիկների թիվը նվազել է: Իսկ Օշականի տուրիստական վայր լինելը հասարակ գյուղացուն ոչնչով չի օգնում: Գյուղացիների մի մասի եկամուտը դրսից է. տղամարդիկ շինարարության ոլորտում են աշխատում` Հայաստանում կամ Հայաստանից դուրս: Զրուցակիցս նշում է նաեւ, որ եկամտի աղբյուր են նաեւ հողն ու այգիները, սակայն այս տարի բերք չկա` կլիմայական պայմանների պատճառով:
§Միրգ էս տարի ընդհանրապես չկա` կարկուտն ու ցուրտն են խփել¦,- պատմում են գյուղացիները:
Օշականի հիմնական խնդիրը ջրի հարցն է: Ոռոգման ջրի բարձր գնի պատճառով գյուղացիներից շատերի մտքով անգամ չի անցնում սեփական հողամասը մշակել: Գյուղի մի մասում թանկության պատճառով չեն մշակում, մյուս` ավելի ծայրամասերում` ոչ ոռոգման ջուր կա, ոչ էլ խմելու: §Հողամաս ունեմ, բայց ջուր չունեմ, որ մշակեմ, ոչ խմելու ջուր կա, ոչ ոռոգման, ո՞նց մշակեմ: Մեծ սիրով կգնամ արտասահմանում աշխատելու¦,- զբոսաշրջիկների ներկայությունից ոգեւորված` ասում է գյուղացիներից մեկը, բայց չգիտես ինչու` վախենում է անունն ասել:
Գյուղի բնակիչ Թագուհին օրվա ապրուստը վաստակում է եկեղեցու մոտ առեւտուր անելով: §Դե մենակ եմ, ոչ մի օգնող չունեմ, փող չեմ ստանում` ո՛չ նպաստ, ո՛չ թոշակ, ստիպված ահագին հեռու տեղից գալիս եմ, որ մի բան վաճառեմ, ապրեմ¦,- պատմում է նա: Հետո ցույց է տալիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող իր նախկին տունը, որ եկեղեցին վերցրել, բայց փոխհատուցել է, իսկ ինքը տեղափոխվել է ծայրամաս: §Նոր եմ գնացել, փոքր հողամաս ունեմ` ծառեր կան, բայց մի միրգ չկա վրան, լրիվ դատարկ ա: Էս տարի ոչինչ չհասցրի անել, տեսնենք էկող տարի ինչ կլինի¦,- ասում է նա եւ հավելում, որ միայնակ մարդու համար հողամաս մշակելն այնքան էլ հեշտ չէ:
§Պռաշու կուպիտե արեխի, վարենիե¦,- օրվա հատուկենտ այցելուներից մեկին բաց չթողնելու համար ընդհատում է խոսակցությունն ու ձայն տալիս կողքով անտարբեր անցնող ռուս զբոսաշրջիկին: Հետո էլ, թե` §Ախր շատ լավն են է, տնակա՛ն¦:
§Պոպոքի մուրաբա ա, սուջուխ ա, թթի դոշաբ ա, դնում ենք, վաճառում ու ապրում, գոհ ենք, կարեւորը առողջ ենք¦,- եկեղեցու հարեւանությամբ տեղադրված իր սեղանիկի պարունակությունն է ներկայացնում տիկին Աիդան: Գյուղում այլ աշխատանք չկա, իրենք էլ առեւտրով են զբաղվում: Իրենց պատրաստածն է: Ընկույզի կես կիլոգրամանոց մուրաբան արժե 1000 դրամ:
Առհասարակ, այստեղի գյուղացիները հետաքրքիր առանձնահատկություն ունեն. խնդիրների մի ողջ շարան են ներկայացնում, հետո էլ, թե` իրենք գոհ են, կարեւորը` ողջ են ու առողջ:
§Դուք լավ ըլնեք, ջահելները լավ ըլնեն, աշխարհին խաղաղություն ըլնի,- օրհնում է 80-ամյա մի պապի ու խրատում,- մարդկանց հարստությունն իրենց առողջությունն է, եթե առողջ լինես, ամեն բանի էլ կհասնես¦:
Օշականի խնդիրների մասին գյուղապետի հետ խոսել չհաջողվեց. Երեւան էր գնացել: Գյուղապետի տեղակալն էլ բավական կոպիտ տոնով հայտարարեց, թե ինքը ենթակա մարդ է, ինքնագլուխ ոչինչ ասել չի կարող ու ոչնչով չի կարող օգնել:
Իսկ ես ակամա հիշեցի վերջին այցելությունս` մի քանի տարի առաջ, երբ գյուղացու տունը լի էր չրով, սուջուխով ու ալանիով: Այն ժամանակ §մրգի երես¦ տեսնում էին...
Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ