կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-25 20:14
Սպորտ

Ադրբեջանը դուռը շրխկացրեց դրսից

Ադրբեջանը դուռը շրխկացրեց  դրսից

Շախմատի աշխարհի առաջնության վերջին տուրի ինտրիգը պտտվում է  3 առաջատար հավաքականների շուրջը. Հայաստա՞ն, Չինաստա՞ն, թե՞ Ուկրաինա, ով կնվաճի բաղձալի տիտղոսը: Վերջին տուրի արդյունքներով հայ մարզական ուղեղները գլխավորում են աղյուսակը, սակայն առջևում դժվարին պայքար է սպասվում:

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության ութերորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով  ոչ ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ, որի արդյունքում մրցակիցը 7 միավորով դուրս մնաց չեմպիոնության համար հետագա պայքարից` դառնալով առաջնության ետնապահներից մեկը:

Իրենց պարտիաները ոչ ոքի ավարտեցին Լեւոն Արոնյան-Թեմուր Ռաջաբով եւ Սերգեյ Մովսիսյան-Վուղար Հաշիմով զույգերը:

Նախավերջին  տուրում իր պարտիան անհաջող ավարտեց Գաբրիել Սարգսյանը` պարտվելով Շաքիրյար Մամեդյարովին: Մեր թիմի մյուս հանճարը` Վլադիմիր Հակոբյանը,  փայլուն հաղթանակ տոնեց  Ռաքուֆ Մամեդովի նկատմամբ` փրկելով  հավաքականը պարտությունից:

Այսպիսով,  Հայաստանի գրոսմայստերական լավագույն կազմը 13 ընդհանուր և 20.5 անհատական միավորով (հավասար միավորների դեպքում հաշվվում են նաև անհատական ցուցանիշները) գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ համարվում չեմպիոնի հավակնորդներից մեկը: Հաջորդ փուլում մեր հավաքականը կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ և հաղթանակի դեպքում կնվաճի չեմպիոնի տիտղոսը: Մրցակիցն իր ակտիվում ունի 11 ընդհանուր և 17.5 անհատական միավոր:

Աղյուսակի 2-րդ հորիզոնականում է գտնվում  Չինաստանը, որը 3։1 հաշվով հաղթեց Հնդկաստանին։ 11 ընդհանուր և 20 անհատական միավորներով տանտերերը նույնպես հավակնում են չեմպիոնության: Չինաստանի հաջորդ մրցակիցը կլինի  Հունգարիան:

Ստորև ներկայացնում ենք նախավերջին տուրի ցուցանիշները.

 8-րդ տուր

Հայաստան-Ադրբեջան՝ 2։2
Ռուսաստան-Իսրայել՝ 4։0
Եգիպտոս-Հունգարիա՝ 1։3
ԱՄՆ-Ուկրաինա՝ 1.5։2.5
Չինաստան-Հնդկաստան՝ 3։1

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ