Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Սանահինի վանքը, որ 1996թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, այժմ մատնված է անտերության. վանքի գմբեթին ծառեր են աճում, որի պատճառով շինության քարերը առանձնացել են իրարից: Հարցի վերաբերյալ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել մի շարք երիտասարդական կազմակերպություններ` «Չենք լռելու», «Ճանաչիր քո երկիրը»...
«Սա ուղղակի հոգեւոր աղետ է մեր պետության համար: Մենք մեղադրում ենք թուրքերին, վրացիներին, ադրբեջանցիներին մեր հայկական ժառանգությունը չպահպանելու համար: Սակայն ինչ հիմքեր պետք է նրանք ունենան պահպանելու հայկական ժառանգությունը, եթե մենք ենք «թքում» մեր ժառանգության վրա»,- ասաց «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ղեկավար Աշոտ Պողոսյանը` հավելելով, որ Սանահինի եկեղեցին խայտառակ վիճակում է, քանի որ մշակույթի նախարարությունը զբաղված է «խամրած փառքով աստղերին» զոռով Հայաստան բերելով: «Մշակույթի նախարարությանը 1000 նամակ ենք գրել, բայց պատճառաբանել են, որ ֆինանսներ չունեն»,- ասաց Ա.Պողոսյանը:
«Ճանաչիր քո երկիրը» կազմակերպության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվում է հարյուրավոր եկեղեցական կառույցներից, քանի որ դրանք համարվում են հուշակոթողներ, եւ իրենց տիրապետության տակ չեն գտնվում: «Եթե Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվում է եկեղեցուց, դա չի նշանակում, որ նրանք դադարում են սրբատեղի լինել եւ արժանի են անտարբերության»,- իր խոսքն ամփոփեց նա:
Մոմավաճառ տիկին Սոխակը նշեց, որ տանիքն ահավոր վիճակում է, ծառեր են աճել, քարերը տեղից շարժվել են, անձրեւաջրերն էլ լցվում են ներս, արդյունքում` պատերը կամաց-կամաց դեֆորմացվում են: «Անցած տարի, երբ ՀՀ վարչապետն էր այցելել վանք, միայն չափագրումներ է արել»,- ասաց նա:
Իսկ Սանահին գյուղի բնակչուհի Սաթենիկ Հարությունյանն ասաց, որ ԵՊՀ-ն 6 տարի առաջ կազմակերպել էր այց Սանահին, որի արդյունքում ուսանողները սկսել էին մաքրել եկեղեցու գմբեթին, պատերին աճած ծառերը, սակայն համապատասխան գործիքներ չունենալու պատճառով դադարեցրել էին աշխատանքները, քանի որ ծառերի արմատները մնում էին վանքի պատերի ներսում եւ ավելի այլանդակում այն:
Նշենք, որ 25 տարի առաջ վերանորոգվել է վանքի զանգակատունն ու գրատունը:
Աննա Մաթեւոսյան
Պերճուհի Գեւորգյան