կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-18 15:33
Հասարակություն

Աշխատել են առանց աշխատանքային պայմանագրի

Աշխատել են առանց աշխատանքային պայմանագրի

2011-ին շուրջ 201 գիտական ծրագրեր են ֆինանսավորվել` ի տարբերություն 2010-ի 711-ի:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը պարզաբանեց, որ պատճառն այն է, որ այժմ չկան կրկնվող թեմաներ, իսկ 1 եւ 1,5 հաստիքային թեմաները նույնպես չեն մտնում ծրագիր:

«Գնալով ավելանում է նաեւ միջազգային մրցույթների մեր մասնակիցների ֆինանսավորումը, որի համար նախատեսված ծախսերը նույնպես կրճատված թեմաներից կուտակված գումարի միջոցով ենք փակում: Իսկ այս տարվա 201 թեմաներից յուրաքանչյուրին հատկացվել է մոտ 36.000 դոլար»,- ասաց նա` ավելացնելով, որ իրենք մեծ տեղ են տալիս երիտասարդ գիտնականներին` գիտության երիտասարդեցմանը նպաստելու համար:

Նա ամփոփեց 2011թ. առաջին կիսամյակում կոմիտեի իրականացրած գործունեությունը` առանձնացնելով մի քանի հիմնարար կետեր: Խոսելով իրավական դաշտի կատարելագործման մասին` Ս. Հարությունյանն ասաց, որ կյանքի է կոչվել 2 կարեւոր ծրագիր, որոնցից մեկի նպատակն է եղել ապահովել հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ դրանց համապատասխանեցումը հասարակության և տնտեսության արդի պահանջներին: Ծրագրի շրջանակներում միտում է դրված եղել բարձրացնել միջազգային գիտական տարածքի հետ բնագավառի ինտեգրվածության մակարդակը:

Իսկ ահա երկրորդ ծրագրի նպատակը գիտության ոլորտի հետագա զարգացումն ապահովելն է, մասնավորապես` ՀՀ կառավարության, մասնավոր բիզնեսի քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ Սփյուռքի ջանքերի միջոցով:

Ավարտվել է «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր 2011» մրցույթը, ըստ որի` 4-ական միլիոն դրամ է հատկացվել Արցախի գիտնականների ներկայացրած 5 ծրագրերի իրագործման համար, ընդ որում` գումարի 80 տոկոսը հատկացվել է ՀՀ բյուջեից, իսկ 20 տոկոսը` Արցախի:

«Արցախի գիտնականներն ունեն ծրագրին մասնակցելու համարժեք իրավունքներ, ինչ տեղի գիտնականները: Գիտական մեծ պոտենցիալ կա Արցախում»,- նշեց Հարությունյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ առաջին անգամ Հայաստանում անցկացվել է գիտական կազմակերպությունների մոնիտորինգ, որոնք բյուջեից բազային ֆինանսավորում են ստանում:

«Մոնիտորինգ անցկացվեց 3 գիտական կազմակերպություններում` 6 ծրագրի մասով, ընդ որում` 4 ծրագիր` ԵՊՀ-ում, 1 ծրագիր` ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնում և 1 ծրագիր «Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում»,- նշեց Հարությունյանը:

Այստեղ բացահայտվել են իրավական և ֆինանսական բնույթի խախտումներ, օրինակ` Բյուրականի աստղադիտարանի 86 աշխատակիցներից եւ ոչ մեկի հետ չկա կնքված աշխատանքային պայմանագիր, կամ էլ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի 21 աշխատակցից 8-ի աշխատանքային պայմանագրերը չկան` չնայած դրանք ժամանակին կնքվել են: