կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 12:30
Առանց Կատեգորիա

Եթե լրագրող չլինեի, գուցե կնոջս արգելեի լրագրությամբ զբաղվել

Եթե լրագրող չլինեի, գուցե կնոջս արգելեի լրագրությամբ զբաղվել

«Կասկածյալ եմ դարասկզբի, հույսի, լույսի շքախմբի մի պատվիրակ ձերբակալված, մի հոգեկան դարից ծնված արու զավակ, խաբված նոտա մի սիմֆոնիկ թավ մեղեդու, մի երջանիկ կատակերգու, նորապսակ մի վերարկու, որ գնալով պիտի ցրի ձմեռը լուրթ, ցուրտն անհագուրդ, որ ցնծալով պիտի սեղմի դարից մի հունդ»:

19-ամյա Դավիթ Դավիթյանի այս տողերը նրա «Մի վերարկու աստվածացած» գործից են: Հեռուստալրագրություն է ուսանում մանկավարժական համալսարանում, չնայած իրեն բանասեր է համարում: Վերջնական անուն չի տվել բանաստեղծական իր ուրույն ոճին եւ առաջարկում է առայժմ անվանել հանգավորված արձակ բանաստեղծություն, որում. «Փորձում եմ այնպիսի բառապաշար օգտագործել, այնպիսի մտքեր արտահայտել, որոնք չեն կրկնվում»:

- Սեն Ժոն Պերս կարդացե՞լ ես. նմանություն կա:

- Չէ: Չեմ հանդիպել: Ոչ մեկին չեմ փորձել նմանակել:

- Հավատում եմ, որովհետեւ երբ Սեն Ժոն Պերսը հայերեն թարգմանվեց, հետին թվով զգացի, որ մեր կուրսում էլ կային այդ ոճով գրողներ: Բայց պաշտոնյա դարձան, կարո՞ղ է դու էլ վերջում պաշտոնյա դառնաս:

- Ինչպես բոլոր անմեղ պատանիները, մինչեւ 15 տարեկան ես էլ էի ասում, մեծանամ՝ պիտի նորմալ երկիր դարձեմ այս երկիրը: Ու ինչպես բոլորը, ես էլ մեծացա ու հիասթափվեցի. թերություններն այնքան շատ են, որ կասկածում ես, հնարավո՞ր է ինչոր բան փոխել: Այնուամենայնիվ, մեզանից շատ բան է կախված, հարցական է՝ դա կանի իմ մեջ ապրող բանաստե՞ղծը, թե...

- «Ֆեյսբուք»-ում գրանցմանդ տվյալներում ԱԺ պատգամավոր է գրված: Այդքան գայթակղի՞չ կարգավիճակ է:

- Երիտասարդական խորհրդարանի անդամ եմ, երկար-բարակ գրելու փոխարեն՝ այդպես եմ գրել: Հնարավոր է, որ նաեւ սիրահարվածության կամ ձգտման արտացոլում է, այնուամենայնիվ, արդեն չեմ երազում պատգամավոր դառնալ: Բանաստեղծի ու քաղաքական գործչի դերերն անհամատեղելի են:

- Ռուբեն Գեւորգյանն էլ պատգամավոր է եւ բանաստեղծ:

- Ես Վանո Սիրադեղյանի մասին էլ էի լսել: Բանաստեղծը՝ չգրված օրենքով, պետք է ունենա մաքուր հոգի, քաղաքական աշխարհում այդ ամենը պղծվում է:

- Երիտասարդական խորհրդարանում որեւէ խմբակցության անդա՞մ ես, թե՞ անկախ:

- Անկախ: Ինձ առաջադրել է բուհը: Որպես ապագա լրագրող` հեռու եմ որեւէ քաղաքական ուժի հարելուց: Կուսակցության անդամ լինելով` լրագրողն իր կենսագրության մեջ մի բիծ հաստատ թողնում է:

- Համաձայն եմ, որ լրագրողը պիտի որեւէ ուժի հանդեպ կողմնակալ չլինի: Բայց մեզ մոտ մի նրբություն էլ կա. ո՞րն է ավելի ազնիվ, երբ մեկը որեւէ կուսակցության անդամ լրագրող է, ու հասարակությունը գիտի այդ մասին, թե՞ երբ հասարակությունը մեկին անկուսակցական լրագրողի տեղ է դնում, իսկ նա «տակից» որեւէ կուսակցության պատվեր է կատարում:

- Ինձ համար երկու դեպքն էլ անընդունելի է: Հենց այս տարիքից ոչ միայն չպետք է մտնեմ որեւէ կուսակցություն, այլեւ որեւէ կուսակցության կամ ուժի պատվեր չկատարեմ: Այս դեպքում լրագրողի սահմանափակումներն ավելի մեծ են:

- Երիտասարդական խորհրդարանի ո՞ր հանձնաժողովում ես:

- Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել` մշակել «օրինագծեր», որոնք պետք է ներկայացվեն Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին:

- Կարո՞ղ է այնքան ոգեւորվեք, որ բանը հասնի նոր սահմանադրության նախագիծ առաջարկելուն:

- Նոր սահմանադրություն ընդունելու գաղափարը ճիշտ չեմ համարում, որովհետեւ նորի դեպքում փոփոխությունների կարիք ավելի շատ է զգացվում: Ավելի լավ է եղածը մշակել: Սեպտեմբերին կսկսվեն մեր քառօրյա նիստերը, կներկայացնենք մեր զեկույցները, երիտասարդների աչքերով փաստաթղթում նկատած թերությունները:

- Իսկ պատգամավորական երիտասարդ խմբակցությունների մեջ հակամարտություններ նկատվո՞ւմ են:

- Դեռեւս չեմ նկատել: Չպետք է հաշվի առնել, թե ով որ կուսակցությունից է, պետք է ազատ մտածելակերպով շարժվել: Ի վերջո, բոլորս համախմբված ենք մեկ նպատակի շուրջ` օժանդակել պետական ինստիտուտներին եւ հասարակական շահը կարեւորել:

- Մեկը մյուսի փոխարեն քվեարկել-բան...

- Մեր դեպքում, բարեբախտաբար, նման բան չկա, բոլորս մեր քվեի տերն ենք:

- Սիրահարվա՞ծ ես:

- Ինքս ինձ հրամայել էի, որ չեմ սիրահարվելու՝ մինչեւ ուսումս չվերջացնեմ: Բայց գրում էի բանաստեղծություններ, որոնք իմ մասին մոլի սիրահարվածի տպավորություն էին թողնում: Բոլորն ասում էին` Դավիթ, երանի ես քեզ պես սիրահարվեի: Բայց ես սիրահարված չէի, վերջերս միայն սիրահարվածության նշույլներ եմ զգում: Դե սրտին չես թելադրի, մանավանդ երբ կեսդ քո աշխարհից է` լրագրող:

- Լրագրողի աշխատանքն այնքան լարված ու ժամանակի մեջ չնորմավորված է, պատրա՞ստ ես լրագրող կին ունենալուն:

- Նույն մասնագիտությունն ունեցող ամուսինները, կարծում եմ, ավելի լավ կհասկանան իրար: Եթե ես լրագրող չլինեի, ասենք, տնտեսագետ լինեի, հնարավոր է՝ կնոջս արգելեի լրագրությամբ զբաղվել. ամբողջ օրը՝ դուրսը, չգիտես՝ ումից է հարցազրույց վերցնում, ինչպես են պատասխանում, մեկը ուղղակի կարհամարհի, մյուսը` կկոպտի: Ու չեմ կարծում, որ կինս քաղաքական լրագրող կլինի, քաղաքականությունը կնոջ համար չէ, ավելի զգացմունքային բնագավառներ կան` մշակույթ, արվեստ:

- Ընկերներիցս մեկի հայրը նկատել է, որ իր ժամանակ աղջիկներին գայթակղելու ամենակարճ ճանապարհը ցույց տալն էր, թե շատ գրքեր ես կարդացել: Հիմա՞ որն է:

- Աղջիկները սիրում են ճղած ջինսերով, երկար մազերով տղաներին: Հազվադեպ են հանդիպում աղջիկներ, որոնք գերադասում են նախապատվությունը տալ «մտավորականներին»:

- Ճի՞շտ լսեցի՝ ջինսերո՞վ, թե՞ ջիփերով:

- Ջինսերով: Իհարկե, ջիփերովն էլ իրենց տեղն ունեն:

- Բանաստեղծություն գրողնե՞րը:

- Որտե՞ղ եք տեսել ջիփով բանաստեղծ: Գրագետ աղջիկներին երեւի, այո, դուր են գալիս բանաստեղծ տղաները: Բայց շատ շատերի նպատակը շահն է, լավ ժամանակ անցկացնելը: Ես փորձում եմ այնպիսի մարդկանց հետ շփվել, որոնց համար շահը հետին պլանում է:

- Դու հարո՞ւստ ես:

- Ես հարուստ չեմ, միշտ երազել եմ, որ ամենաաղքատ ընտանիքում լինեմ: Վերջերս կարդում էի Չապլինի ինքնակենսագրությունը, թե ինչպես է մոր հետ մեծացել ձեղնահարկում, ինչ դաժան օրեր է ապրել ու ինչպես մեծություն դարձել: Իմ ընտանիքում էլ շատ փորձություններ են եղել, դժվար տարիներ: Եթե մեծանայի 4 հարկանի դղյակի մեջ, մի հաստ ոսկե շղթա կախեի վզիցս, հրամաններ արձակեի, դժվար թե բանաստեղծություն գրելու ժամանակ կամ հավես ունենայի: Բայց երբ տեսնում ես, որ քո սենյակում մի հնացած պահարան է դրված, մի սովորական թղթի կտոր ու գրիչ, բոլոր գույները խամրում են քեզ համար, ու պատկերացնում ես քո երազած աշխարհը, նրա պատկերը հանձնում թղթին:

- Քո տարեկից գրողներն ավելի շատ փորձում են ոչ այդքան բարձր ոճով ու գրեթե կենցաղային հայերենով գրել, դա քեզ չի՞ ձգում:

- Ես դեռեւս չեմ գրել նման ոճով: Իմ ստեղծագրոծությունները՝ գրական հայերենից բացի, ուրիշ հայերենով չեմ գրել, ավելին, փորձում եմ այնպիսի բառեր գտնել, որոնք շատ քիչ են գործածվում մեր բառապաշարում: Չեմ կարողանում ա-երով գրել, այդ ոճի մեջ չեմ գտնում ինձ:

- Երեւանո՞ւմ ես ծնվել:

- Չարենցավանում, 4 տարեկան էի, որ տեղափոխվեցինք Երեւան: Չարենցավանը մեռնում է, աշխատանք համարյա չկա: Փոքր քաղաքի համար ահռելի թիվ է՝ 16 գործարան, ու բոլորն էլ չեն աշխատում:

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ