Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 28-ին «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը: Համերգին կմասնակցի նաեւ աշխարհահռչակ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը:
Վենգերովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հուզիչ էր իր համար կրկին Հայաստան գալը, քանի որ, մի կողմից, նա այստեղ մի շարք ընկերներ ունի, մյուս կողմից` միշտ էլ բախտավորություն է գտնվել երկրում, որն ունի Արամ Խաչատրյան եւ արվեստի գործիչներ, որոնք հայկական մշակույթն են սփռել աշխարհով մեկ:
«Պատիվ է ինձ համար ձեր պատմությանը մոտենալ` գտնվելով Հայաստանում: Հայկական մշակույթը ես շատ եմ արժեւորում. սիրում եմ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», միշտ ցանկացել եմ կատարել այն, սակայն, դեպքերի բերումով, երբեք կյանքի չի կոչվել երազանքս: Իսկ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանի հետ արդեն 20 տարի է, ինչ համագործակցում ենք, հիմա անգամ նոր ձայնասկավառակ ենք պատրաստվում թողարկել: Կարծում եմ` համերգին հանդիսատեսը կզգա մեր հոգեւոր մտերմությունը»,- ասաց Վենգերովը:
Նա նշեց նաեւ, որ իրեն` որպես ջութակահար, համարում է ռուսական դասական երաժշտության լավագույն ավանդույթների շարունակողը: Վենգերովի հավաստմամբ` դասական երաժշտության ասպարեզում շատ կարեւոր է հին ավանդույթները պահպանելը եւ իրար չխառնել արդեն իսկ կատարյալ գործերը:
«Մեր օրերում էլ տաղանդավոր կոմպոզիտորներ կան, որոնց խնդրում եմ ինձ համար նոր ստեղծագործություններ գրել: Ջութակն իմ տարերքն է, ջութակն իմ մայրենի լեզուն է, որն օրեցօր ավելի եմ բացահատում ինձ համար»,- ասաց Վենգերովը:
Երաժիշտը նշեց, որ տարիներ առաջ, երբ առաջին անգամ Հայաստան էր եկել, համերգով հանդես է եկել իր ներկայիս կնոջ` Օլգայի հետ, եւ այժմ ինքը Հայաստանին է շնորհակալ, որ իրենք ամուսիններ են. «Այն ժամանակ մենք նոր էինք շփվում եւ մտերիմ չէինք, բայց ձեր մթնոլորտը շատ տրամադրող էր: Այո, ճիշտ են ասում, սիրելիիդ պետք է հանդիպես ճիշտ տեղում: Այժմ մենք երկու աղջիկ ունենք»:
Համերգին կհնչեն Բախի, Բրամսի, Դվորժակի, Սեն Սանսի, Պագանինիի եւ այլ դասականների ստեղծագործություններ: