կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-08 06:41
Առանց Կատեգորիա

Աջակցություն են ակնկալում

Աջակցություն են ակնկալում

Աբխազիայի հայ համայնքը բավականին մեծ է` բաղկացած 42 հազար հոգուց: Հայերն այստեղ բնակվում են հանրապետության ողջ տարածքում, բայց հիմնական մասը Գագրայի եւ Գուլրիպշի շրջաններից է: Բոլոր շրջաններում որտեղ կան հայեր, գործում են հայկական դպրոցներ: Մոտ 8 հազար դպրոցական է սովորում 32 հայկական դպրոցներում, որոնք բոլորը պետական են համարվում եւ ֆինանսավորվում են պետբյուջեից:

«Երկիր»-ի հյուրը Աբխազիայի հանրային խորհրդի անդամ, «Հայ համայնքի» նախագահ Սուրեն Քերսելյանն է, ում հետ զրուցում ենք տեղի հայկական դպրոցների եւ ինքնության պահպանման խնդիրներից:

-Վրացահայության դեպքում առաջին խնդիրներից մեկը լեզվի հարցն է, կա՞ այս խնդիրը ձեզ մոտ:

-Վրաստանի հայկական դպրոցներում հայոզ լեզվի ժամերը կրճատեցին, հետո վերականգնեցին: Բայց մեզ մոտ, բարեբախտաբար, նման խնդիրներ երբեք չեն եղել` ոչ պատերազմից առաջ, ոչ` հետո: Աբխազիայի կառավարությունը նման հարց երբեք չի բարձրացրել:

-Վրացահայերի համար խնդիր է նաեւ հայագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պակասը. նոր կադրերի կարիք կա. իսկ տեղացիները գալիս են, Երեւանում կրթություն են ստանում եւ հետ չեն դառնում: Սրա մասին ի՞նչ կասեք:

-Այսօր մեզ մոտից գրեթե ոչ ոք չի գալիս Երեւանում սովորելու: Նախկինում այո, գալիս էին, հետո մի մասը վերադառնում էր, մի մասը` ոչ: Բայց ես դժվարանում եմ օրինակ բերել, թե վերջին տարիների ընթացքում երբ են մեր երեխաները եկել այստեղ սովորելու:

Աբխազիայի պետհամալսարանում կա ֆակուլտետ, որտեղ հայկական դպրոցների տարրական դասարանների ուսուցիչներ են պատրաստում: Սակայն, կադրերի խնդիրը, համաձայն եմ ձեզ հետ, սուր է դրված: Խորհրդային տարիներից դասավանդող ուսուցիչները թոշակի են անցնում, իսկ նրանց փոխարինող որակյալ նոր կադրերը քիչ են: Ես կարծում եմ, որ սա այն խնդիրն է, որի ուղղությամբ պետք է աշխատի թե հենց Հայաստանը, թե մեր հայ համայնքը:

-Իսկ այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր արվու՞մ են:

-Մենք այդ ուղղությամբ ավելի ակտիվ սկսել ենք աշխատել նախորդ տարվանից: Տասը երեխա «Արի տուն» ծրագրի շրջանակներում այցելեց Հայաստան. նրանից յոթը դպրոցական էին եւ այդ յոթից երեքը Հայաստանի բուհերում սովորելու ցանկություն է հայտնել: Իսկ այս տարի պլանավորում ենք այս ծրագրով 30 երիտասարդ ուղարկել հայրենիք: Նաեւ այլ ծրագրեր կան: Հնարավորություն կա նաեւ մեր դպրոցների հայ ուսուցիչներին մեկամյսա վերապատրաստական դասընթացների ուղարկել այստեղ: Այսպիսով մեր երիտասարդները գալիս են Հայաստան, ճանաչում, հետաքրքվում հայերիքով, Հայաստանը ձգում է:

-Սփյուռքի դպրոցների դեպքում հիմնականում խոսվում է դասագրքերի պակասի մասին: Իսկ մասնավորապես Վրաստանի դեպքում` դասագրքերը հայերեն թարգմանելու լուրջ խնդիր կա: Աբխազիայի հայկական դպրոցներում ինչպե՞ս է լուծվում այս հարցը:

-Մեր դպրոցներում օգտագործում են այստեղի նույն դասագրքերը, դրանք թարգմանելու խնդիր չկա: Առաջիկայում էլ սպասվում է, որ տարրական դասարանների դասագրքեր ենք ստանալու. մեզ մոտ էլ այստեղի պես տարրական դպրոցը չորսամյա է: Ստանալու ենք նաեւ բարձր դասարանների գրքեր, խնդրագրքեր, ուղեցույցներ: Խնդիրն այն է, որ Հայաստանն անցել է 12-ամյա միջնակարգ կրթության, իսկ Աբխազիայի դպրոցները 11-ամյա են: Եվ տարրականից բարձր դասարաններում դասագրքերը պետք է հարմարեցվեն մեր կրթական ծրագրերին: Բայց դրանով արդեն կզբաղվեն ուսուցիչները:

-Հարց վերաբերում է հայկական ինքնության պահպանմանը: Այս առումով ի՞նչ խնդիրներ կան Աբխազիայում:

-Ես կարծում եմ, որ եթե համեմատենք Սփյուռքի մյուս օջախների հետ, ապա Աբխազիայում ձուլման խնդիր գրեթե չկա: Համենայն դեպս ես, հայ համայնքի 150 տարվա գոյության ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ հայերը ստիպված փոխեն իրենց  ազգանունը, ազգությունը: Իհարկե, մենք շփվում ենք մյուս ազգերի հետ, լինում են խառն ամուսնություններ, բայց դրանք ավելի քիչ են, քան մյուս երկրներում:

-Կան այլ խնդիրներ, որոնց ես չանդրադարձա:

-Ես դրանք լուրջ խնդիրներ չէի համարի, բայց, այո, կա մշակութային արժեքների փոխանակման, Հայաստանի հետ շփումների պակասը: Մեզ մոտ վերջին շրջանում համույթներ քիչ են գալիս, իսկ եկողները այդքան էլ պրոֆեսիոնալ խմբեր չեն: Լավ կլիներ, որ գային պրոֆեսիոնալ համույթներ եւ կարողանային վառ կերպով ներկայացնել հայկական մշակույթը:

Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ