կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-08 00:27
Առանց Կատեգորիա

Ինչպես է պայթում երկխոսության փուչիկը

Ինչպես է պայթում երկխոսության փուչիկը

Իշխանությունը երեկ փաստացի հրաժարվեց ֆորմալ երկխոսություն սկսելու և այն պատվիրակությունների միջոցով շարունակելու` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «առաջարկից»: Եվ դա արվեց Հանրապետական կուսակցության խոսնակի մակարդակով` ակնհայտորեն ցույց տալով, թե որքան անլուրջ է վերաբերվում Կոնգրեսի` ամենաբարձր մակարդակով ներկայացված պահանջներին:

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ իր անունից հայտարարություն է տարածել, որով սկսված երկխոսությունն առաջ տանելու տեսակետից անհիմն ու վնասակար է համարում արտահերթ ընտրությունների առաջարկը: Նույն օրը ՀԱԿ-ի կողմից պատվիրակության կազմ որոշելը, հրապարակելը և նույնը իշխանություններից ակնկալելը «տունտունիկ» որակեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հրաժարվելով երկխոսությունը պատվիրակությունների միջոցով շարունակելու Կոնգրեսի պահանջից` ՀՀԿ-ն, անուղղակիորեն ոչ միայն նոր ձևաչափ, այլ նաև բոլորովին նոր օրակարգ առաջարկեց, որոնք ներկայացրել է Շարմազանովը. «Տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` ՀԱԿ-ի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման եւ համատեղ լուծումների: Ավելին ասեմ, ՀԱԿ-ի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթեւացնելու գործին եւ կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»:

Այսինքն` ՀՀԿ-ը նախ առաջարկում է երկխոսություն ծավալել ոչ թե գործադիր, այլ օրենսդիր ոլորտում` ընդհուպ պատրաստակամություն հայտնելով խորհրդարանում դառնալ ՀԱԿ-ի «խոսափողը»: Երկրորդ, որպես երկխոսության օրակարգ, ՀՀԿ-ն առաջարկում է դիտարկել «տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` ՀԱԿ-ի բոլոր առաջարկները», որոնք, լինելով ավելի ֆունդամենտալ, որևէ առնչություն չունեն արտահերթ ընտրությունների հետ: ՀԱԿ-ից այս առաջարկներին արձագանքեց ՀԺԿ քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, հայտարարելով, որ եթե իշխանությունը չընդունի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի քննարկումը, ստիպված են լինելու անցնել դրանից բխող հաջորդ քայլերին:

Իսկ եթե իշխանությունը մերժի իրենց պահանջած ձևաչափն ու օրակարգը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է. «Մենք համարելու ենք երկխոսության հնարավորությունները սպառված: Դա նշանակում է, որ իշխանությունները ստորագրում են հետեւյալի տակ. առկա ճգնաժամը հնարավոր չէ կարգավորել խաղաղ, քաղաքական երկխոսության միջոցով: Եվ մեզ այլ ելք չեն թողնի, քան ավելի ծայրահեղական քաղաքական ռազմավարություն ընտրելը»:

Այսպիսով, կարելի է ընդհանրացնել, որ երկխոսությունը դեռ չսկսած` արդեն լուրջ տեղապտույտի մեջ է հայտնվել: Եվ դա այն դեպքում, երբ երկու կողմերից էլ մինչ այդ դիֆերամբներ էին հնչում ողջախոհության, կառուցողականության, «երազած երկրի» մասին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ այնքան էր ոգևորվել, որ դեպքերից ակնհայտորեն առաջ ընկնելով հայտարարել էր, թե ողջունելի է, որ արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին: «Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը կգնա այդ քայլին, և կկազմակերպեն այդ երկխոսությունը»,- ասել էր նա:

Ընդհանրապես Հանրապետական կուսակցության բանախոսների մեջ ժամանակավրեպ լավատեսություն էր ի հայտ եկել, որն, ըստ էության, վերացավ արդեն շաբաթավերջին: Հավանաբար, ուրաթ օրը ՀՀԿ-ի գրասենյակում, հանրապետության նախագահի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, քննարկվել են ՀԱԿ-ի պահանջները, և դրանք մերժելու որոշում է կայացվել: Նախագահը ժամանակից շուտ ոգևորված իր կուսակիցներին, թերևս, բացատրել է, որ արտահերթ ընտրությունների պահանջի ներքո պատվիրակությունների միջոցով բանակցություններ սկսելը թակարդ է, որի մեջ ընկնելուց հետո այլևս դուրս գալու հնարավորություն չի լինելու:

Իր հերթին, ՀԱԿ-ն իր պատվիրակության կազմը այնպիսի շուքով ներկայացրեց, կարծես խոսքը հատուկ հանձնարարականներով դեսպանների կամ նահատակության գնացող հերոսների մասին էր: Նրանք վստահ էին, որ իշխանությունն այլևս իրենց ձեռքին` կատվի ճանկն ընկած մկան կարգավիճակում է, և անգամ մտմտում էին` ինչպես այդ կիսաշունչ կենդանուն կուլ տան: Բարի ախորժակ:

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ