Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր տեղի ունեցավ բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերական» գրքի շնորհանդեսը. գիրքը բացառիկ է նրանով, որ հեղինակը 1966թ. ուղղակի անհետ կորած է, եւ նրա մասին ոչ մի տեղեկություն չկա:
Ժամանակակիցների վկայությամբ նա եղել է շատ տաղանդավոր բանաստեղծ, եւ նրա բանաստեղծությունները բավականին բարձր են գնահատել, թեպետ ոչ մի տող խորհրդային տարիներին չի տպագրվել: Նրա խոսքը մի քիչ խենթ է, մի քիչ գժոտ, մի քիչ էլ նման Չարենցին:
«Հավանաբար ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, եւ մասնագետները ճիշտ գնահատական կտան»,- ասում է գրողի եղբոր աղջիկը` լրագրող Մարգարիտ Եսայանը:
Բանաստեղծությունները գտնվել են զարմանալի կերպով` գրողի ընկերներից մեկի` վաղամեռիկ գիտնական Արտաշես Փոչիկյանի արխիվում:
Գիրքը տպագրության է պատրաստել Մարգարիտ Եսայանը: Այն կազմված է 3 մասից. առաջին մասում բանաստեղծություններն են, երկրորդ մասում` նոթերը կամ օրագիրը, որը վերնագրվել է «Կապույտ տետր», քանի որ Երեւանից հեռանալուց առաջ գրողն այրել է բոլոր թղթերը եւ ստեղծագործությունները: Մ. Եսայանի մայրը` Ելենա Դարբինյանը, նոթատետրը ուղղակի փախցրել է կրակների միջից: Երրորդ մասում գրողի մասին պատմում են ընկերները` Բաբկեն Արարքցյանը, Հայկ Ղազարյանը, Վարդան Հայկազյանը, Ռոմիկ Սարդարյանը, Ալվարդ Պետրոսյանը, Գրիգոր Ջանիկյանը...
Գրքի գրախոսականը գրել է ժամանակակից գրող Հենրիկ Էդոյանը, որը նման որակում է տվել գրողին. «Վերջին 50 տարվա բանաստեղծական արվեստի, պոեզիայի բարձրակետերից մեկն է Բազիկյանի պոեզիան»:
Մ. Եսայանը նշում է, որ որոնումների արդյունքում գտել է եւս 2 ընդհանուր տետր ձեռագիր, որոնցում «Սասունցի Դավիթ» էպոսի` Բազիկյանի կողմից կատարված մշակումներն են:
«2012-ին լրանում է գրողի 70-ամյակը, եւ հուսով եմ, որ կհասցնեմ դա էլ տպագրել»,- նշեց Մ. Եսայանը: