կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-03 02:01
Հասարակություն

Իսկական հունգարացին նա է, ով ծագումով հայ է

Իսկական հունգարացին նա է, ով ծագումով հայ է

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունում կազմակերպվել է հանդիպում հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի հետ, որը վաստակաշատ հունգարացի հայագետ Էդմոն Շյուտցի աշակերտն է և նրա գործի շարունակողը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հայերեն սկսել եմ սովորել 1997թ., երբ առաջին անգամ Հունգարիայում լսեցի Սուրբ պատարագը»,- պատմել է հայագետը:

Նախապես յուրացնելով հին հայերենը և հայոց պատմությունը, աշակերտելով Էդմոն Շյուտցին` այնուհետև նա եկել է Հայաստան, ապրել է Հրազդանում` հայ ընտանիքում, և փորձել է սովորել հայերենի խոսակցական և բարբառային նրբությունները: Գիտնականը ներկայումս աշխատում է Բուդապեշտի համալսարանում և ցանկանում է այնտեղ  հայագիտության ամբիոն հիմնել: Այդ նպատակի համար հիմք է ծառայում Էդմոն Շյուտցի թողած հսկայական գրադարանը և հայագիտական ժառանգությունը:

Ժիգմոնդն աշխատում է ավարտել նաև «Տրանսիլվանիայի հայերի 17-20-րդ դդ. կրոնաբանական հարցերը» թեմայով գիտական թեզը: Նրա համոզմամբ` հայերը Հունգարիայում հաստատվել են 13-րդ դարից: Տրանսիլվանիայում նրանք ապրել են մեծ համայնքներով և կարողացել են պահպանել իրենց ինքնությունը: Տրանսիլվանիայի` Հունգարիայի կազմից դուրս գալուց հետո հայերի մեծ մասը տեղափոխվել է Հունգարիա, ցրվել երկրով մեկ, նաև ձուլվել տեղաբնակներին: Թեեւ այսօր նրանք չեն տիրապետում մայրենի լեզվին, սակայն իրենց սովորույթներում պահպանել են նախնիներից ժառանգած ազգագրական, ծիսական երգերը, որոնք կատարում են արարողությունների ժամանակ:

«Ես արդեն հայ եմ, հունգարացի հայ, իմ արմատներն այստեղ են»,- հանդիպման ավարտին ասել է Ժիգմոնդը և կեսկատակ ավելացրել. «Իսկական հունգարացին նա է, ով ծագումով հայ է»: