Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, բնական գիտությունների զարգացման, տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, բժշկագիտության, ֆիզիկայի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:
Շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է.
«Այսօրվա այս արարողությունը հերթական վկայությունն է այն բանի, որ աշխատանքը, գիտելիքը, ծառայությունը, վաստակը և նվիրումը երբեք չեն կորցնում իրենց արժեքը: Դրանք միշտ ունենալու են իրենց գնահատականը:
Սիրելի մրցանակակիրներ և դափնեկիրներ,
Շնորհավորելով ձեզ իսկապես վաստակած պարգևների համար, ցանկանում եմ նշել, որ դուք պետականության լավագույն կրողներն եք և նրա լավագույն պաշտպանները՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում, ձեր աշխատանքում, ձեր ծառայության մեջ:
Դուք ձեր գործն անում եք պատասխանատվության խորին ըմբռնումով, առանց թմբկահարության, առանց բարձրաձայնելու՝ հասկանալով, որ կարևորը արդյունքն է, գիտակցելով ձեր արածի և անելիքի անհրաժեշտությունը մեր հասարակության համար, այսինքն՝ Հայրենիքի համար:
Հարգելի բարեկամներ,
Տարբեր ժամանակներում Հայրենիքը միշտ ընկալվել է նույն կերպով՝ որպես սրբություն, անկախ այն բանից, ունեցել ենք պետականություն, թե ոչ:
Այսօր, երբ պետականությունը, որպես հանրապետություն, ունենք արդեն ավելի քան 100 տարի, մենք կերտում ենք մեր պատմության ևս մեկ էջը: Եվ ես լիահույս եմ, որ այն լինելու է էջ՝ մեր մնայուն դերակատարության մասին, էջ՝ մեր ինքնության և յուրահատկության մասին, էջ՝ մեր տնտեսական և մշակութային հաջողությունների մասին, էջ՝ համահայկական և համազգային միասնական հաղթանակների մասին: Այդ էջը գրվում է ամեն պահ, ամեն ժամ, գրվում է իրական կյանքում, իրական գործով:
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում ունի պետականության իր անհատական ըմբռնումը: Սակայն այդ ըմբռնումը պետք է ունենա մեկ նպատակ. Հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, տեսնել միասին, կուռ և համախմբված, ուժեղ և զարգացած, պաշտպանված և օրենքով առաջնորդվող:
Շնորհակալ եմ բոլորիդ և, ի դեմս ձեզ, բոլոր նրանց, ովքեր պետություն ու պետականություն պաշտպանելը, երկիրը շենացնելը հասկանում են հանուն Հայրենիքի գոնե մեկ մոմ վառելով, ովքեր գերադասում են գոնե մեկ քար դնելով ամրացնել պետության շենքը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Պողոսյան հիմնադրամին, անձամբ պարոնայք Ալբերտ և Ժան Պողոսյաններին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին և մրցութային հանձնաժողովների անդամներին:
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, հաջողություն, լավատեսություն և բարեկեցություն»:
Պողոսյան հիմնադրամի համանախագահ Ժան Պողոսյանը նախ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» կազմակերպման և անցկացման առթիվ: «Գագաթնաժողովը կազմակերպված էր միջազգային մակարդակով, շատ հետաքրքիր ու բարձրորակ քննարկումների շրջանակով,-ասել է նա:- Ես շատ բան սովորեցի գագաթնաժողովից՝ արգելապատնեշները վերացնելուց մինչև կամուրջներ կառուցելը: Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել: Եթե մենք իմանանք այս հարցերի պատասխանները, ապա կլուծենք աշխարհի բոլոր խնդիրները:
Մենք աջակցում ու քաջալերում ենք նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որին մասնակցում են հեղինակավոր փորձագետներ ողջ աշխարհից: Նրանք գալիս են այստեղ՝ հանդիպելու, քննարկելու, միմյանց հետ ծանոթանալու համար: Նրանք էլ ավելի են նպաստում Հայաստանի բարելավմանն ու ավելի լավ աշխարհ կառուցելուն: Հուսով ենք, որ սա միայն առաջինն է հետագա, մյուս «Մտքերի գագաթնաժողովներ»-ի շարքում»:
Խոսելով Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի մասին՝ Ժան Պողոսյանն ընդգծել է, որ այն արդեն ավանդական բնույթ ունի: «Շնորհակալ եմ, պարոն նախագահ, Ձեր աջակցության համար, այն բանի համար, որ հնարավորություն եք տալիս, որպեսզի Հայաստանում այս կարևոր նախաձեռնությունը շարունակվի: Մենք միասին կաշխատենք այս մրցանակն էլ ավելի կարևոր ու միջազգային դարձնելու ուղղությամբ»,- ասել է Ժան Պողոսյանը: