Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիրավորանքը և զրպարտությունը ապաքրեականացնելու` առայժմ միակ արդյունքն այն է, որ ի հայտ են եկել մարդիկ, որոնք ինքնաարտահայտման և ինքնադրսևորման լավագույն միջոց են դարձրել վիրավորված, զրպարտված լինելու պատճառաբանությամբ լրատվամիջոցներին, լրագրողներին դատարաններ քարշ տալն ու նրանց փաստացի հարստահարելը:
Դա ոչ միայն սեփական անձը նման էժանագին մեթոդներով արժևորելու ձև է, այլև փող աշխատելու նոր միջոց: Մամուլի դեմ սկսված արշավանքը, որը նորանոր հաջողություններ է արձանագրում ու ծավալվում, հանգեցրել է յուրատեսակ մակաբույծների խմբի առաջացման:
Որքանով այս շրջանակը կկայանա, մեծապես կախված է դատական համակարգից ու դատավորներից: Մի քանի գործեր արդեն ավարտական փուլ են մտել: Եթե դատարանները չկարողանան իրապես գտնել խոսքի ազատության իրավունքի իրացման և մարդու արժանապատվությունն ու պատիվը հարգելու հիմնարար սկզբունքների հատման նուրբ առանցքը և արդարացի վճիռներ կայացնել, մակաբույծների այս շրջանակը ոչ միայն ավելի է ամրապնդվելու մեզանում ու գործելու ավելի մեծ ազատություն է ստանալու, այլև, անկասկած, ընդլայնվելու է: Դա լրատվական միջավայրը վերածելու է հիմնականում կանխորոշված ելքով «պատերազմի» գոտու` դառնալով գրաքննության նոր ձև: