Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ձևավորվել է «գրանտակեր» հասարակական կազմակերպությունների մշակույթ, և այնպիսի տպավորություն է, որ երբեք այդօրինակ ՀԿ-ներին չի հետաքրքրում, թե այս կամ այն ծրագիրը քննադատելիս արդյոք օբյեկտիվ հիմքեր կան, կամ արդյոք իրենց քննադատությունները ճիշտ հասցեատիրոջն են ուղղված։
Այսօրինակ ՀԿ-ներից մեկին հետաքրքրել են «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային ճանապարհային միջանցքի կառուցման նպատակով հատկացված վարկային միջոցները։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիթորինգի ՀԿ-ների ֆորումի աշխատանքային խմբի ներկայացուցիչներն այնքան են տարված ԱԶԲ-ին ամեն կերպ քննադատելու ցանկությամբ, որ հաշվի չեն առել իրական հասցեատերերին։
Ասիական զարգացման բանկի ծրագրերի մոնիթորինգի ՀԿ-ների ֆորումի աշխատանքային խումբը, որը որևէ կապ չունի ԱԶԲ-ի հետ, երեկ ասուլիս էր հրավիրել, որպեսզի քննադատի Հայաստանում ԱԶԲ-ի կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես՝ այդ խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրի վերաբերյալ հասարակությանը տեղեկատվություն չի տրամադրվում, իսկ ԱԶԲ-ն խոչընդոտում է ծրագրերի մասին տեղակատվության ստացումը։
Նա ասել է, որ ճանապարհային միջանցքի առանձին հատվածներում պետք է սկսեին շինաշխատանքները, սակայն չեն սկսվել, իսկ բնակչությունը տեղեկացված չէ այդ տարածքներում բանկի գործունեությունից։ Ասուլիսին Ադամյանը ներկայացրել է, թե ինչ վնասներ կարող են լինել այս ճանապարհային միջանցքի իրականացման արդյունքում, մասնավորապես, ըստ բանախոսի, գյուղացիները չեն կարողանա Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում խնձոր վաճառել։
Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի պատվիրատուն Հայաստանի կառավարությունն է, իսկ ԱԶԲ-ն միայն տրամադրում է վարկային միջոցները, ընդ որում՝ ողջ ծրագրի արժեքի մի մասը։ Հայաստանի և ԱԶԲ-ի միջև ստորագրված վարկային պայմանագրով՝ 2009-2017 թթ. ընթացքում Հայաստանն ստանալու է $500 մլն-ի վարկային միջոցներ, իսկ կառավարությունը համաֆինանսավորման սկզբունքով ներդնելու է $462 մլն։ Հավանաբար, այս ՀԿ-ի անդամները տեղյակ չեն սրանից, քանի որ հակառակ պարագայում որպես ծրագրի կողմ կմեղադրեին ոչ միայն ԱԶԲ-ին։
Երկրորդ հանգամանքը, որը ցույց է տալիս այս կազմակերպության անիրազեկությունը, այն է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի առանձին հատվածների շինաշխատանքների մրցույթը կազմակերպում է տրանսպորտի և կապի նախարարությունը, բացի այդ՝ ստեղծված է ծրագրի իրականացման գրասենյակ, որը պատրաստում է ճանապարհահատվածների տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթղթերը։
Այս ՀԿ-ն իրավացի է այն հարցում, որ առանձին ճանապարհահատվածների շինաշխատանքներն ուշացվում են, բայց իրականում այդ հարցում ԱԶԲ-ի մեղքը գրեթե չկա, քանի որ անցած տարեվերջին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի մաս կազմող Երևան-Աշտարակ 11,7 կմ ճանապարհահատվածի վերակառուցման համար հայտարարված մրցույթում (մասնակցել էին երեք արտասահմանյան ընկերություններ) տրանսպորտի և կապի նախարարի գլխավորած հանձնաժողովն այդպես էլ որևէ ընկերության հաղթող չճանաչեց։ Այդ ճանապարհահատվածը միավորվել է երկրորդ լոտին՝ Աշտարակ-Թալին 45 կմ երկարություն ունեցող ճանապարհահատվածին, և պետք է որ 2011թ. գարնանը հայտարարվեր ընդհանուր մեկ նոր մրցույթ: Ներկայում արդեն խոսվում է, որ մրցույթն ամենայն հավանականությամբ կհայտարարվի հունիսին։ Ի դեպ՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները նույնպես չեն գոհացնում ԱԶԲ-ին։ Հայաստանում ԱԶԲ-ի համակարգման ավագ ներկայացուցիչ Արեգ Բարսեղյանը «Կապիտալին» ասել էր, որ ծրագրի ընթացքը դանդաղ է։