կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-18 22:33
Առանց Կատեգորիա

Ուզում եք, որ արքեպիսկոպոսը "Զապորոժեցո՞վ" տեղաշարժվի

Ուզում եք, որ արքեպիսկոպոսը "Զապորոժեցո՞վ" տեղաշարժվի

«Ժամանակաշրջանն է մեղավոր, որ հայ մարդուն կտրեց իր եկեղեցուց, եւ այսօր տակավին չենք կարողացել այն գիտակցությունն ամրագրել, որ մեր գոյատեւման խարիսխը ոչ թե չակերտյալ դեմոկրատիան է` Արեւմուտքից մեզ թելադրված, այլ այն, որ մենք արժեւորենք մեր սրբությունները, առանց որոնց ազգությունը չի կարող գոյատեւել»,- «Երկիր»-ի հետ զրույցում իր մտահոգությունները կիսեց Հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

- Վերջին շրջանում մամուլը բավական հաճախ է անդրադառնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու այս կամ այն հոգեւորականին` նշելով նրա աշխարհիկ ապրելակերպն ու սերը նյութեղենի հանդեպ: Ինչո՞վ եք պայմանավորում դա:

- Ներողություն, մեքենա ունենալը կարող ենք աշխարհիկ կյա՞նք կոչել: Դուք գիտե՞ք, որ այսօր սփյուռքահայերը բացառիկ մոտեցում ունեն իրենց եկեղեցու եւ հոգեւորականի նկատմամբ: Եթե սփյուռքահայ մեկը նվիրատվություն է կատարում մի որեւէ հոգեւոր առաջնորդի` եպիսկոպոս լինի, թե արքեպիսկոպոս, վերջինս պիտի ասի` չե՞մ ուզում այդ նվիրատվությունը, դու ինձ մի՞ նվիրիր ոչինչ: Եթե նվեր են տալիս, մարդն օգտագործում է, ես չեմ տեսնում այդ հարցը խնդիր դարձնելու պատեհությունը: Այսինքն` ուզում եք, որ արքեպիսկոպոսը «Զապորոժեցո՞վ» տեղաշարժվի, անպայման «Երեսունմե՞կ» քշի, մեր նպատակը դա՞ է: Եթե ինձ նվեր են տալիս հագուստ, որի վրա գրված է Pierre Cardin, ես պետք է չհագնեմ, որովհետեւ Pierre Cardin կոստյում է, այլ հագնեմ թուրքակա՞ն կամ պարսկակա՞ն արտադրանքի:

- Ըստ ձեզ, ինչո՞ւ է ժողովուրդն անհանդուրժող:

- Ժողովուրդն ինքը չգիտի` ինչ է ուզում: Փնտրում է քավության նոխազների եւ այսօր, քանի որ ամենամոդայիկը դարձել է հայ եկեղեցուն ցեխոտելն ու քննադատելը, բոլորը հենց դա են անում: Թե աղանդավորների ղեկավարներն ինչեր են իրականացնում, դրա մասին ոչ ոք չի խոսում: Ինչո՞ւ մամուլում չեք գրում, թե ինչ քաղաքական խաղերի մեջ են մտել աղանդավորները: Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ աղանդավորական շարժման ղեկավարները միացած առաջարկություններ են անում կուսակցություններին, որ «մենք պատրաստ ենք ձեզ այսքան ձայնով ապահովել, բայց դուք մեզ տեղ պիտի տաք ԱԺ-ում»: Ինչո՞ւ չի խոսվում այս մասին. լռում ենք, կանգնել ենք մի հատ «Բենթլիի» վրա, եւ անընդհատ էդ «Բենթլին» ենք խաղացնում: Ճիշտ չի սա: Հայ մարդն իրավունք չունի բարոյական իր կերպարից ցած իջնելու. ազգային սրբությունը պիտի մնա ազգային սրբություն:

- Եկեղեցին չի՞ կարող պայքարել այդ ուժերի դեմ: Պետությունն իր քաղաքականությունն է վարում, եկեղեցին մեկ այլ բան քարոզում: Կարո՞ղ ենք ասել, որ պետության եւ եկեղեցու միջեւ հակասություն կա:

- Պետություն-եկեղեցի հակասություն չկա, պարզապես, քանի որ Հայաստանը հայտարարված է դեմոկրատիկ երկիր, եկեղեցին չի կարող իր ուրույն տեղն ունենալ դեմոկրատիկ երկրից ներս: Հետեւաբար, այն օրենքները, որ գրվում են եկեղեցու համար, ընդհանուր օրենքներ են, դա վերաբերում է թե կաթոլիկ եկեղեցուն, թե ավետարանական, թե որեւէ աղանդի, որը գրանցված է:

- Հայաստանյայց առաքելական եկեղեցին հատուկ կարգավիճակ չունի՞:

- Ոչ: Նկատի ունենալով Հայ առաքելական եկեղեցու պատմական դերըՙ կառավարությունը որոշ զիջումներ է անում, բայց դա պայմանավորված է անհատական մոտեցմամբ: Այսօր Սերժ Սարգսյանն ավելի հավատացյալ անձնավորություն է եւ եկեղեցու նկատմամբ դրական վերաբերմունք ունի, մոտեցումը դրական է, վաղը կարող է լինել Պողոսյանը, Մարկոսյանը կամ Կիրակոսյանը, եւ կփոխվի այդ մոտեցումը: Սա է ամբողջ խնդիրը: Այսինքնՙ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ամրագրված չէ իր ուրույն օրենքներով, ավանդակարգերով` որպես պետական կառույցի մեկ մասնիկ:

- Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում ստեղծված իրավիճակը` կապված աղանդավորական շարժումների անարգել տարածման հետ:

- Անորոշ, անորոշ եւ քաոտիկ: Ով ինչ ուզում` անում է: 217 աղանդավորական շարժումներ գոյություն ունեն` տարաբնույթ ու տարատեսակ: Նրանք նույնիսկ իրավունք չունեն որեւէ անձի անհանգստացնելու, նրա տուն գնալու, դա արգելված է: Եվրոպայում նրանք կարող են գալ, դուռը ծեծել, հարցնել` կարո՞ղ են մտնել, թե ոչ: Եթե ասեք` ոչ, վերջացավ. նա իրավունք չունի ներս մտնելու: Այստեղ ծայրահեղացման է մոտենում խնդիրը, որը ճիշտ չէ: Աղանդավորն իրավունք չունի որեւէ մեկին անհանգստացնելու, բայց, քանի որ հստակ օրենք չկա, նրանք պատրաստ են ամեն ինչի` խաբեությամբ, ստախոսությամբ մարդկանց իրենց ծուղակը գցելու համար: Ամենապարզ օրինակը` «Կյանքի խոսք» կոչված եկեղեցին խաչակնքումը համարում է մեղք, որովհետեւ խաչը չարչարանքի գործիքն էր, բայց խաչը դրված է իրենց ժողովարանի առջեւի մասում. դրա՞ն ինչ կասեք: Հոգեորսության դեմ պայքար եկեղեցին միշտ առաջարկում է, Ազգային ժողովն է, որ պիտի ընթացք տա, որովհետեւ ինքն է օրենսդիր մարմինը:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ