կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-09 23:11
Քաղաքական

Ադրբեջանի ռուս արքեպիսկոպոսը հակահայկական հայտարարություններ է անում` Ալիևին հաճոյանալու համար

Ադրբեջանի ռուս արքեպիսկոպոսը հակահայկական հայտարարություններ է անում` Ալիևին հաճոյանալու համար

Ադրբեջանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Վլադիկա Ալեքսանդրը անցյալ ամիս հարցազրույց է տվել «Քրիստոնեությունն այսօր» (Christianity Today) ամսագրի թղթակից Ջեյսոն Կասպերին՝ անամոթաբար տարածելով ադրբեջանական քարոզչություն՝ վատաբանելով հայերին և գովաբանելով Ադրբեջանին։ Նա ավելի շուտ խոսել է բռնապետ Իլհամ Ալիևի խոսնակի նման, քան Աստծո ծառայի։ Սա մի հոգևորական է, որն առանց տատանվելու իր հոգին կվաճառի սատանային․․․ Զարմանալի չէ, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը անմիջապես տեղադրեց նրա հարցազրույցը իր ֆեյսբուքյան էջում:

Արքեպիսկոպոս Ալեքսանդրը սկսեց հարցազրույցը՝ ասելով, որ «Արևելյան Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու 1500 տարվա բաժանումը բարդացրել է հարաբերությունները: Մենք ունենք ընդհանուր սուրբ գրքեր և ավանդույթներ, բայց ընկերակցության մեջ չենք»։

Ռուս արքեպիսկոպոսը գիտակցաբար ստեց`ասելով, որ «Ադրբեջանն ունի բազմամշակութային ընկալման բարձր մակարդակ և պահպանում է իր կրոնական հուշարձանները: Բաքվում հայկական եկեղեցիներն ու գրադարանները պահպանված են: Խաղաղության պայմանագրի դեպքում դրանք կարող են կրկին օգտագործվել, ինչպես հարկն է»։ Արքեպիսկոպոս Ալեքսանդրը սխալվում է: Բաքվում գործող հայկական եկեղեցիներ չկան:

Տարօրինակ է, որ ռուս արքեպիսկոպոսը մեղադրեց «հայերին իրենք իրենց խաբելու մեջ»: Նա ասաց, որ հայերը «շատ են ցավում, որ ստիպված են եղել լքել» Ադրբեջանը: Արքեպիսկոպոսը հավանաբար մոռացել էր Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում ադրբեջանցիների կողմից անմեղ հայերի կոտորածների մասին:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա կցանկանար զանգահարել Գարեգին Բ կաթողիկոսին, ռուս արքեպիսկոպոսը հեգնանքով պատասխանեց. «Ես նրա հեռախոսահամարը չունեմ [ժպտալով]»:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ զրուցավարի հարցին, ռուս արքեպիսկոպոսը կրկին ստեց՝ ասելով, որ «Պետք է շատ զգույշ լինել ցեղասպանություն բառը օգտագործելիս: Մենք ունենք շատ տխուր փաստեր Ադրբեջանի տարածքում հայկական ուժերի գործողությունների վերաբերյալ: Ունենք հայկական կողմից սպանված հազարավոր ադրբեջանցիներ, ուստի ո՞ւմ պետք է դիմել ցեղասպանություն բառով»։ Այնուհետև նա հավելեց․ «Ադրբեջանցիներն իրենց սրտում ատելություն չունեն»՝ մոռանալով վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորների կողմից հայերի գլխատումները, չխոսելով Սումգայիթում և Բաքվում ավելի վաղ տեղի ունեցած ջարդերի մասին:

«Քրիստոնեությունն այսօր» ամսագիրը նշել է, որ Արցախյան վերջին պատերազմի սկզբում ռուս արքեպիսկոպոսը «ստորագրել է ադրբեջանական միջկրոնական նամակ՝ շնորհավորելով նախագահ Իլհամ Ալիևին ռազմական հաղթանակների համար»:

Ի պատասխան այս հակահայկական հայտարարություններին՝ Հյուսիսային Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կոշտ նամակ է հղել ռուս ուղղափառ արքեպիսկոպոսին՝ քննադատելով նրան իր կեղծ մեղադրանքների համար.

«Քրիստոնեությունն այսօր» ամսագրին ձեր տված հարցազրույցին պատասխանելը կդիտվի որպես ժամանակի և ջանքերի կորուստ, քանի որ այն կլինի պատասխան մի մարդու, որը զուրկ լինելով խոնարհությունից, պատմական գիտելիքներից, փորձում է խեղաթյուրել պատմական անվիճելի փաստերը, սակայն առաջին հերթին խեղաթյուրում է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Ավելին, Ձեր ամբարտավանությունը բավականին զարմանալի է Տիրոջ՝ Քրիստոսի հովվի համար»:

«Դուք խոսում եք միասին ապրելու ուղիներ փնտրելու մասին: Իհարկե, մենք համաձայն ենք, որ երկու կողմերն էլ պետք է միասին ապրելու ուղիներ գտնեն: Սակայն, երբ մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունը իրականացրած երկիրը՝ սպանելով 1 500 000 անմեղ հայերի, մերժում է ընդունել ակնհայտ փաստերը, և բացի այդ, բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, դժվար է համատեղ կյանքի ուղիներ գտնել: Ավելին, երբ նույն երկիրը ղեկավարում է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ուղարկում է իր հատուկ նշանակության ջոկատները, հավաքագրում է հազարավոր արմատական իսլամիստների քրիստոնյա հայերին սպանելու համար, դժվար է դառնում հաշտվելը: Երբ այդ երկրի ղեկավարը խոստանում է «շարունակել կատարել այն առաքելությունը, որը մեր պապերը դարեր շարունակ կատարել են Կովկասում» (Ռեջեփ Թայիփ Էրդողան, 2020 թ. հուլիսի 24), չե՞ք կարծում, որ հաշտության փորձերը կասկածի տակ են առնվում»:  

«Դուք ասում եք, որ հայերն ատելությամբ են լցված Ադրբեջանի նկատմամբ: Երբ ադրբեջանական բանակի սպան կացնահարում է հայոց բանակի քնած սպային և հետագայում ներվում է Ադրբեջանի նախագահի կողմից, ազատվում իր պատժից և նույն նախագահի կողմից ստանում Ադրբեջանի «հերոսի» կարգավիճակ, խնդրում եմ Ձեզ տալ ատելության սահմանումը։ 2020 թ․ մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարեց, որ «համարում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի նկատմամբ պատիժը չկիրառելը և, փաստորեն, նրան անպատիժ թողնելը ատելության հողի վրա կատարած ծանր հանցագործության համար, ոչ մի արդարացում չունի»։ Արդյոք իսկական ատելությո՞ւն չէ սոցիալական ցանցերում տեսանյութերի կանխամտածված տարածումը, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները ցնծալով սպանում, մաշկազերծ անում և գլխատում հայ ռազմագերիներին»։

«Դուք պնդում եք՝ «Ադրբեջանն ունի բազմամշակութային ընկալման բարձր մակարդակ և պահպանում է իր կրոնական հուշարձանները: Բաքվում հայկական եկեղեցիներն ու գրադարանները պահպանված են»: Ինչպե՞ս կարող եք նման անխոհեմ պնդում անել, երբ առկա է տեսանյութ Նախիջևանում հայկական խաչքարերի նպատակային ոչնչացման մասին, որն իրականացվում է համակարգված՝ տարածաշրջանից հայկական ժառանգության բոլոր հետքերը ընդմիշտ ջնջելու նպատակով»:

«Դուք ասում եք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը բավարար ջանքեր չի գործադրում խաղաղության հաստատման համար։ Հիշեցնեմ, որ 2010 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ուղևորվեց Ադրբեջան, հանդիպեց Ալլահշուքյուր Փաշազադեի [Ադրբեջանի մեծ մուֆթի] և նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում խաղաղ բանակցությունների համար»:

«Ձեր հարցազրույցի պատասխաններին արձագանքելն իսկապես անօգուտ է, քանի որ պատմության և ճշմարտության հանդեպ հարգանքի բացակայությունն ակնհայտ է»:

Սրանք սուր խոսքեր են՝ ուղղված մի հոգևորականից մյուսին։ Ես առաջարկում եմ, որ մյուս հայ հոգևորականները և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նամակներ գրեն Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, որը բացառիկ իրավասություն ունի Ադրբեջանի ռուս ուղղափառ քրիստոնյաների նկատմամբ՝ բողոքելով արքեպիսկոպոս Ալեքսանդրի ամոթալի հայտարարությունների վերաբերյալ։

Զարմանալիորեն, 2017 թ․հունիսի 25-ին Ալեքսանդր արքեպիսկոպոսը Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի կողմից պարգևատրվել է մեդալով՝  միջկրոնական երկխոսության խթանման և ամրապնդման գործում իր նշանակալի ավանդի համար: Պատրիարք Կիրիլը, իր շնորհավորական ուղերձում, գովաբանել է արքեպիսկոպոս Ալեքսանդրին՝ «հատուկ նրբանկատությամբ և դիվանագիտական հմտություններով իր աշխատանքը այն երկրում [Ադրբեջան] կատարելու համար, որտեղ իրար հետ կողք կողքի ապրում  են տարբեր  դավանանքների և ազգությունների ներկայացուցիչներ»:

Ակնհայտ է, որ հայերի մասին նման կեղծ հայտարարություններ անելուց հետո արքեպիսկոպոս Ալեքսանդրը ձախողել է իր «միջկրոնական» պարտականությունները: Պատրիարք Կիրիլին պետք է հորդորել՝ հետ վերցնել նրան տրված մեդալը:

Հասկանալի է, որ արքեպիսկոպոս Ալեքսանդրը փորձում է հաճոյանալ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին: Այնուամենայնիվ, Աստծո ծառան չպետք է ստի որևէ պատճառով կամ որևէ պարագայում: Պատրիարք Կիրիլը պետք է արքեպիսկոպոս Ալեքսանդրին ասի, որ ներողություն խնդրի իր ստերի համար, իսկ եթե ոչ, ապա պետք է նրան զրկի հոգևորականի իր աստիճանից:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի