Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Վերջերս համաշխարհային փորձագետները եզրահանգել են, որ 21-րդ դարը կլինի տպագիր մամուլի «մահվան դար», դրա տեղը կզբաղեցնի օնլայն եւ բլոգային լրագրությանը:
Մամուլի ազատության օրվա առթիվ «Երկիր»-ը փորձեց ճշտել, թե ինչքա՞ն կդիմանան հայկական տպագիր մամուլը, երբ օրեցօր նկատելի է դառնում, որ համացանցում ավելանում են նորանոր հայկական լրատվական կայքեր եւ բլոգներ:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով` առաջիկա տարիներին, բնականաբար, օնլայն լրատվամիջոցները կզարգանան, ինչի հետեւանքով կնվազի տպագիր մամուլի տպաքանակը. «Դա ակնհայտ նկատելի կլինի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Սակայն հագեցնելով ինչ-որ մի պահանջարկ` այնուամենայնիվ, ընթերցողը կարիք կունենա պրոֆեսոնալիզմի, այսինքն` լրագրողների, եւ մարդիկ ավելի կզգան դրա կարիքը: Կարծում եմ, որ կլինեն զուգահեռ զարգացումներ, ինչպես նաեւ վայրիվերումներ, բայց ո'չ գիրքը եւ ո'չ էլ թերթը վերջնականապես չեն մահանա»:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանի կարծիքով` ներկայիս հայկական լրատվական կայքերն իրականում այն չեն, ինչ հարկավոր է. «Եթե փորձի համար երեկոյան բացենք հայկական հինգ լրատվական կայքեր, ապա կտեսնենք, որ այդ հինգ առաջատար օնլայն լրատվամիջոցների կայքերում տեղեկատվությունը copy-past է արված: Այսինքn` մի լուրը հայտնվել է ինչ-որ կայքում եւ պատճենվել է մյուսներում»:
Ըստ նրա` տպագիր մամուլը ուրիշ է եւ յուրովի մեկնաբանություններ ունի. «Մեր թերթերում բացակայում է սյունակագիր հասկացությունը: Ներկայիս հայկական տպագիր մամուլից միայն «Առավոտ» թերթում է, որ հանդիպում ենք սյունակագիր հասկացությանը»:
Իսկ «Երկիր»-ի հարցումները մայրաքաղաքի փողոցներում պարզեցին, որ այսօր հասարակությունը լրատվամիջոցներից վստահում է տպագիր մամուլին, սակայն ոչ բոլորին է այն հասանելի. բոլորը միաբերան նշեցին, որ հիմնականում տեղեկատվություն են ստանում հեռուստատեսային լրատվական հաղորդումներից: