կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-30 23:50
Քաղաքական

Ո՞րն էր վերադարձի նպատակը

Ո՞րն էր վերադարձի նպատակը

Պատասխանելով 7or.am-ի լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ 2008թ. փետրվարի 26-ին` հանրահավաքների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկխոսության կոչ արեց, Լեւոն Տեր-Պետրոսյանը կտրականապես մերժեց, իսկ 3 տարի հետո, երբ ունենք զոհեր եւ կան քաղբանտարկյալներ, ՀԱԿ առաջնորդը պատրաստ է երկխոսության, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է.

«Կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կատարում է իշխանությանը փրկելու առաջադրանքը: Բանն այն է, որ մեր իշխանությանը` հավանաբար «հմուտ եւ իմաստուն խորհրդատուներն» ասել են, թե իշխանության բոլոր դժվարություններն ու խնդիրները լեգիտիմության դեֆիցիտի հետեւանք են, իսկ լեգիտիմության դեֆիցիտը կարելի է լուծել երկու ճանապարհով. մեկը՝ կազմակերպել իսկապես արդար ընտրություններ` նորմալ, ազատ, ժողովրդավարական մթնոլորտում, բայց այդ դեպքում հավանական է, որ այս իշխանության եւ ոչ մի թեւ չի վերարտադրվի, եւ երկրորդ ճանապարհը՝ արդարացվել ու լեգիտիմացվել ընդդիմության կամ ընդդիմության ճյուղերից մեկի, տվյալ դեպքում` ցանկալի է ամենաագրեսիվ թեւի միջոցով: Եվ այս ճանապարհին Կոնգրեսն անգնահատելի ծառայություն է մատուցում իշխանությանը՝ լեգիտիմացնելով նրան, որովհետեւ երկխոսության սովորաբար գնում են լեգիտիմ իշխանության հետ. որքան էլ այդ իշխանությանը չսիրեն, բայց ճանաչում են»:

Վահան Հովհաննիսյանը նաեւ ասել է, որ Տեր-Պետրոսյանի խնդիրն ի սկզբանե ժողովրդին փրկելը չէր: Նրա խնդիրն էր՝ ինքնաարդարացվել, օրինակ, փնովելով Ռոբերտ Քոչարյանին, իր քաղաքական ուժը վերադարձնել քաղաքական ասպարեզ, այն ուժը, որը 1 տոկոսից ավելի չէր հավաքում անցած ընտրություններում, իր հրաժարականից հետո վերադարձնել այն խորհրդարան, այդ ուժին վերադարձնել լծակներ եւ, ինչու չէ, մասնակցել նաեւ սեփականության վերաբաժանմանը: Նա այդ խնդիրն է լուծում, եւ հենց սկզբից էլ դա էր իր առջեւ դրված խնդիրը, «բայց, ցավոք, մեր միամիտ ժողովուրդը դա չհասկացավ, որքան էլ այդ մասին զգուշացնում էինք»: