կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 00:05
Հասարակություն

Գրագետ աղբահանություն

Գրագետ աղբահանություն

Այնպիսի տպավորություն է, որ Վանաձորը երբեք աղբից չի մաքրվի: Այստեղ աղբն ամենուր է` թե' ծայրամասային թաղամասում, թե' կենտրոնական փողոցում:

Հանուն արդարության պետք է նշել, որ քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատանքային խորհրդակցություն սկսվում է աղբահանության խնդրի քննարկմամբ: Բարևից հետո քաղաքապետը սկսում է նշել այն փողոցներն ու մայթերը, որոնցում աղբ է նկատել աշխատանքի գալիս կամ քաղաքում զբոսնելիս: Ամեն անգամ հանձնարարում է հաջորդ շաբաթ ավելի հետևողական լինել:

Բնակիչները կոմունալ բաժնի աշխատանքից են դժգոհում, իսկ այնտեղ էլ ասում են, որ քաղաքի աղբահանությունը կատարվում է ըստ սահմանված գրաֆիկի, կեղտոտ քաղաքի պատճառը բնակիչներն են. նրանք հաճախ աղբը գցում են դատարկ արկղերի կողքը, թողնում մայթերին, նետում գետերը:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության ու բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը «Երկիր»-ին ասաց, որ սկսելու են տույժերի ենթարկել կարգազանց բնակիչներին. «Առավոտյան 5-ից 9-ը  քաղաքը մաքրվում է, բայց կես ժամ հետո նույն պատկերն է: Մի քանիսին տուգանենք, մյուսներին դաս կլինի»:

Մայիսից կսկսեն Վանաձորի 4 գետերի հուների մաքրումը: Հիմա դա հնարավոր չէ, քանի որ գետերը վարարած են: Հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակների միամսյակն էլ ձգձգվում է անձրևների պատճառով:

Քաղաքապետը դժգոհում է բնակիչների պասիվությունից ու մտավախություն ունի, որ այս անգամ էլ ակտիվ մասնակցություն չի լինելու: «Չի կարելի այսքան անտարբեր լինել սեփական քաղաքի, միջավայրի ու ապրած տեղի նկատմամբ,- ասաց Ս. Դարբինյանը:- Մենք շեշտը դնում ենք համայնքային հիմնարկությունների, հանրակրթական դպրոցների ու ուսանողության վրա, թե չէ բնակիչներից հույս չկա»:

Քաղաքում նոր աղբարկղեր են տեղադրվելու, ըստ Ս. Դարբինյանի` «գրագետ աղբահանություն» են սկսելու: