կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 05:26
Հասարակություն

Բրիտանացի խորհրդարանականները` Ծիծեռնակաբերդում

Բրիտանացի խորհրդարանականները` Ծիծեռնակաբերդում

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամներն այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ,  եղել են Ցեղասպանության թանգարանում եւ գրառումներ կատարել պատվավոր հյուրերի գրքում. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Իմ զգացմունքները միշտ ձեր ժողովրդի հետ են: Մենք չենք մոռանում 1915 թ. սարսափելի ու ողբերգական իրադարձությունները: Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր Հայաստանում ինձ հետ են ե'ւ Լորդերի պալատի, ե'ւ Համայնքների պալատի ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են հայ-բրիտանական համակուսակցական խմբում: Մեզ համար շատ կարեւոր է, որ մենք ոչ միայն Հայաստանում ենք, այլեւ մի նշանակալի վայրում, որը խորհրդանշում է այդ ողբերգական իրադարձությունները»,- ասել է բարոնուհի Քոքսը:

Լորդ Լինդոն Հարիսոնը, ով առաջին անգամ է Հայաստանում, նշել է, որ բազմաթիվ երկրներում է այցելել ժողովուրդների հիշատակին նվիրված հուշահամալիրներ, սակայն այն, ինչ տեսավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Ցեղասպանության թանգարանում, ամենատպավորիչն էր:

«Մեր խորհրդարանական խումբը շատ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի իրազեկի մարդկանց, թե ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ է տեղի ունեցել, քանզի շատերն իսկապես տեղյակ չեն դրանից: Փորձում ենք համոզել բրիտանական կառավարությանը, որ, եթե հնարավոր է, երբեւիցե ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է մեկ այլ բրիտանացի պատգամավոր` բարոնուհի Շրիլա Ֆլեդերը:

Հարցին, թե առաջիկայում հնարավորություն տեսնո՞ւմ է, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա նշել է. «Շարժում կա, առաջ ենք գնացել: Ես հուսով եմ, որ դա մի օր տեղի կունենա»:

Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլն ընդգծել է, որ, ինչպես շատերը Բրիտանիայում, այնպես էլ ինքը, տեղյակ չեն եղել Հայոց ցեղասպանության մանրամասներին: «Պետք է այնպես անել, որ նման դեպքերը երբեւէ չկրկնվեն: Ես տիկին Քոքսի հետ մեկնելու եմ Ղարաբաղ, որպեսզի իմ աչքով տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, որ, Բրիտանիա վերադառնալով, կարողանանք ասել, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունենում,- ասել է Համայնքների պալատի ներկայացուցիչը: