կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 22:34
Առանց Կատեգորիա

Լավատեսները և մենք

Լավատեսները և մենք

Հայաստանում արդեն գարուն է: Սովորական գարուն` իր բավական առատ անձրևներով, մեր պապերից ու տատերից հայտնի «պառավի ուլեր» կոչվող ջերմաստիճանի կտրուկ անկումով: Մի խոսքով, կարծես, ոչ մի արտառոց բան:

Բայց, հանկարծ, մարտի վերջերին գյուղատնտեսության ոլորտի մի «մասնագետ» շտապեց հերթական «լավատեսական սպասումը» վառ պահող լուր ավետել ժողովրդին. «Այս տարի առատ բերք է սպասվում»: Որտեղի՞ց իմացավ, ի՞նչ հիմքեր ուներ նման պնդման համար, այդպես էլ հայտնի չեղավ:

Սա արդեն, կարծես, սովորական գործելակերպ է դարձել մեր կառավարության համար: Ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամի պայմաններում ասել, որ Հայաստանի վրա այն չի ազդելու, որ սղաճի տոկոսը կլինի բյուջեով ճշտվածի սահմաններում, իսկ գնաճը՝ վերահսկելի է, խոստանալ Գյումրու «հրաշք» տեխնոպարկ կառուցել, իսկ գոյություն չունեցող Եղվարդի ջրամբարի ափին՝ 5 աստղանի հյուրանոց…

Եվ ի հեճուկս բոլոր այս «լավատեսական կանխատեսումների», իրականությունը բոլորովին այլ է լինում:

Բայց որևէ մեկը պատասխան տվե՞լ է իր խոսքերի, իր չարդարացած կանխատեսումների, չկատարած խոստումների, ձախողված ծրագրերի համար: Նման դեպք, կարծես, չի արձանագրվել: Բայց էականը ոչ թե դա է, այլ տպավորություն ստեղծելը: Եվ այսպես էլ կշարունակվի, քանի դեռ որևէ մեկը չի զգում հասարակության առջև իր պատասխանատվությունը, քանի դեռ էականը ոչ թե գործն է, այլ «լավատեսական սպասումը»: