կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-16 22:26
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. ԱՄՀ-ն դեմ է հարկային արտոնություններին

ԿԱՊԻՏԱԼ. ԱՄՀ-ն դեմ է հարկային արտոնություններին

«ԱՄՀ-ն չի սիրում շահութահարկի արձակուրդների գաղափարը։ Մենք կարծում ենք, որ դա լրացուցիչ ռիսկ կառաջացնի հարկահավաքման առումով։ Հայաստանի կառավարությունը պետք է գործարարության միջավայրի բարելավման աշխատանքներ իրականացնի»,- ասում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսան: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ տարեվերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4.6%։

Երեկ հրավիրած ասուլիսին նման կանխատեսում ներկայացրեց ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսան՝ ամփոփելով ԱՄՀ-ի առաքելության հայաստանյան հերթական այցը։ Նա նշեց, որ թեև այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան նախաճգնաժամայինը, սակայն կարելի է դրական գնահատել, քանի որ տնտեսության վերականգնման միտումները շարունակվում են։ Տոլոսան ընդգծեց, որ թեև տնտեսությունում ներդրումները կշարունակվեն, սակայն հաշվի առնելով որոշ խոչընդոտներ՝ ներդրումների կտրուկ աճ չի ակնկալվում։

Հարկահավաքման մակարդակը շատ ցածր է

ԱՄՀ-ի պաշտոնյան նշեց, որ Հայաստանում թեև հարկային բարեփոխումներ են իրականացվում, սակայն հարկային դաշտը դեռևս բավարար չափով բարենպաստ չէ տնտեսավարողների համար։ «Ձեռնարկվում են որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ, սակայն բարենպաստ հարկային դաշտ ստեղծելու համար ավելի շատ միջոցառումներ պետք է իրականացվեն»,- ասաց նա։

Բանախոսի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է հարկային հավաքագրումներն ավելացնի, որպեսզի բյուջեն համալրվի անհրաժեշտ միջոցներով, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի աջակցել մասնավոր ոլորտին։ «Հարկահավաքման մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ Դժբախտաբար, այս բացթողման առումով մենք որևէ ճիշտ քայլ չենք տեսնում, սրանից երևում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում չի փոքրացել»,- ասաց Տոլոսան՝ հավելելով, որ հարկեր-ՀՆԱ գործակցով Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում, բացառությամբ Տաջիկստանի, վերջին տեղն է զբաղեցնում։

ԱՄՀ-ի պաշտոնյան նշեց, որ իրենք տեսնում են՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ դա շատ լուրջ խնդիր է։ Անդրադառնալով նախագահի և գործարարների՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածությանը, ըստ որի՝ Հայաստանում այսուհետ նոր արտադրություն հիմնողները ժամանակավորապես կազատվեն շահութահարկից, Տոլոսան նշեց. «ԱՄՀ-ն չի սիրում շահութահարկի արձակուրդների գաղափարը։ Մենք կարծում ենք, որ դա լրացուցիչ ռիսկ կառաջացնի հարկահավաքման առումով»։ Տոլոսայի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է գործարարության միջավայրի բարելավման աշխատանքներ իրականացնի։ Այդ առումով, ըստ նրա, Հայաստանը տարածաշրջանի երկրներից հետ է մնում։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը՝ նա նշեց, որ այդ պարտքի մեծ մասը Հայաստանին տրվել է արտոնյալ պայմաններով։ «Դրական զարգացումն այն է, որ 2010թ. 2009-ի համեմատ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է։ Ակնկալվում է, որ մոտակա 1-2 տարիներին այդ ցուցանիշը կարող է աճել, բայց մոտ ժամանակներս այդ ցուցանիշը կկայունանա»,- ասաց ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչը։

ԱՄՀ-ի առաքելության՝ վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքը ներկայացնելով՝ Տոլոսան նշեց, որ ԱՄՀ-ի կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է վերականգնվել ճգնաժամից։ Ակնկալվում է, որ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը համապատասխան ստուգում իրականացնելուց հետո Հայաստանին կտրամադրի ևս $56 մլն։ ԱՄՀ-ի օժանդակության ծրագրերի շրջանակում ընդհանուր ֆինանսական պարտավորությունը կազմում է Դ410 մլն, որից նախորդ տարվա դեկտեմբերին արդեն հատկացվել է Դ55 մլն։

ԱՄՀ-ն պարենամթերքի էժանացում է կանխատեսում

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում գնաճը բավական արագ տեմպերով նվազում է»,- ասաց Գիերմո Տոլոսան: Նրա խոսքով՝ գնաճի ցուցանիշի նվազումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից առաջինը միջազգային շուկայում պարենի և վառելիքի գների նվազումն է։ ԱՄՀ-ն առաջիկայում էլ համաշխարհային շուկայում միայն գների տատանում է կանխատեսում, սակայն կտրուկ աճ չի ակնկալում։ Համաշխարհային շուկայի այս իրավիճակը, ըստ Տոլոսայի, կայունացրել է գները հայաստանյան շուկայում։

Երկրորդ գործոնը, ըստ նրա, գյուղատնտեսության համար բարենպաստ եղանակային պայմաններն են։ ԱՄՀ-ն այս տարի Հայաստանում գյուղմթերքի ծավալների աճ, հետևաբար՝ պարենի գների նվազում է կանխատեսում։

Երրորդ գործոնը, ըստ նրա, այն է, որ կառավարությունն այս իրավիճակին ճիշտ է արձագանքել։ Տոլոսան առանձնացրեց բյուջեի պակասուրդի կրճատմանը, վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացմանն ուղղված քայլերը։ Նա նշեց, որ Կենտրոնական բանկի տրամադրության տակ եղած գնաճի զսպման գործիքներն այսօր Հայաստանում նույնքան արդյունավետ չեն գործում, որքան աշխարհի մի շարք երկրներում։

Չմանրամասնելով, թե որ գործիքների մասին է խոսքը՝ բանախոսը նշեց. «ԱՄՀ-ն աջակցում է, որ դրանք լիարժեք գործեն»։ Ակնարկելով մենաշնորհներին՝ Տոլոսան ասաց, որ Հայաստանում գնաճի այլ պատճառներ էլ կան, ինչով էլ պայմանավորված է, որ ԱՄՀ-ն, ըստ նրա, ողջունում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունների սպասվող ընդլայնումը։

ԱՄՀ-ն չի խրախուսում գների վերին շեմի սահմանումը

Անդրադառնալով կառավարության այն որոշմանը, ըստ որի՝ օրենսդրորեն Հայաստանում գների վերին շեմ է նախատեսվում սահմանել, ԱՄՀ-ի պաշտոնյան ասաց, որ իրենք չեն խրախուսում այդ որոշումը, քանի որ նման վարչական միջոցառումները կարող են ռիսկային իրավիճակ ստեղծել։ «Դրանք հաճախ հանգեցնում են ապրանքների պակասուրդի, մաքսանենգության դեպքերի ավելացման և այլնի։ Նման վարչական միջոցառումները սոցիալական ապահովության միջոցառումներով պետք է փոխարինել՝ երկրում աղքատությունը վերացնելու համար։ Պետք է աջակցել հասարակության այն խավերին, որոնք ավելի շատ են զգում իրենց վրա գնաճի բեռը»,- նշեց Տոլոսան։