կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-15 23:08
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Նիկոլի լուսանկարներից էլ են սարսափում

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Նիկոլի լուսանկարներից էլ են սարսափում

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում երեկ սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ «Կոշ» ՔԿՀ վարչակազմի հայցադիմումի քննարկումը:

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի նախագահությամբ անցկացվող դատական նիստը սկսվել է անօրինականությամբ, քանի որ դատավորը լրագրողներին արգելել է տեսանկարահանել եւ լուսանկարել:

ՀՀ օրենսդրությունում գոյություն չունի որեւէ իրավական ակտ, որը դռնբաց ընթացակարգով քննվող վարչական գործերի ժամանակ դատավորին իրավունք տա լրագրողներին արգելել նկարահանումն ու լուսանկարելը: Իսկ դատավորը, որպես պետական պաշտոնյա, իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություն, որի համար լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նիկոլ Փաշինյանը դատավորին միջնորդել է փոխել իր մոտեցումը եւ լրագրողներին թույլատրել տեսա- եւ լուսանկարահանել:

Միջնորդության մերժումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես էեկել հայտարարությամբ. «Դատարանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի դատական նիստը հնարավորինս ոչ հրապարակային լինի` չնայած դռնբաց դատական նիստ է: Այս գործելաոճը մեզ համար ամենեւին էլ նորություն չէ, եւ սա ընդամենը մի փոքր օղակն է այն երկար շղթայի, որն իրականացվում է իմ հրապարակային հանդես գալու հնարավորությունները նվազեցնելու համար: Այս դատական գործը, հայցի առարկան ուղղակիորեն կապված է նաեւ այդ գործունեության հետ, որովհետեւ այս ամբողջ պատմությունը ծագել է ընդամենը այն բանի պատճառով, որ մարդիկ կրիմինալի օգտագործմամբ փորձել են ինձ ստիպել, որպեսզի ես հրաժարվեմ «Հայկական ժամանակ» օրաթերթում հոդվածներ գրել եւ ընդհանրապես հրաժարվեմ օրենքով սահմանված կարգով հանդես գալ հրապարակային գործունեությամբ»:

Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը միջնորդել է դատական նիստը հետաձգել եւ հնարավորություն տալ իրեն` գործում փաստաբան ներգրավել: Հաջորդ դատական նիստի օրը չի նշանակվել: