| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-04-07 04:35
            14 տարի առաջ - 2011-04-07 04:35  
         
                
            Հացի գնաճի կարգավորմանն ուղղված աշխատանքները Արցախում շարունակվում են:
Այժմ հարցը հայտնվել է Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Երեկ հանձնաժողովի հրավիրած նիստում հացի ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող են ճանաչվել «Էռմի» ՓԲԸ-ն, «Մայակ» եւ «Կառավայ» ՍՊԸ-ները: Այս 3 ընկերությունները իրացման համատեղ ծավալներով զբաղեցնում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը` 52,3%-ը:
Նշված ընկերությունները հանձնաժողովի կողմից սահմանված կարգով այսուհետ պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռք բերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի եւ գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ:
Նիստում տեղեկացվել է, որ հանձնաժողովի կողմից ուսումնասիրություն է կատարվել հացի շուկայում, որի արդյունքում պարզվել է, որ հացի իրացման գների բարձրացում է արձանագրվել: Իրականացվել են նաեւ ուսումնասիրություններ հաց արտադրող ընկերություններում, պահանջվել է տեղեկանք տվյալ ապրանքատեսակի գների հիմնավորվածության վերաբերյալ: Արդյունքում` հիմնավորվել է, որ գնագոյացումը իրականացվել է ներմուծվող ալյուրի գների բարձրացմանը համապատասխան:
Ուսումնասիրություններից պարզվել է, որ հացի թանկացումը հակամրցակցային համաձայնության արդյունք չէ: «Քանի որ հացի շուկան սոցիալական կարեւոր նշանակություն ունի, շուկայի բոլոր մասնակիցների կողմից կիրառվող գնային քաղաքականության նկատմամբ լինելու է մշտական հսկողություն` գների մակարդակի վրա ազդող տարբեր գործոնների ազդեցության առումով դրանց համահունչ առաձգականությունը ապահովելու նպատակով»,- հավաստիացրել են հանձնաժողովում:
Տեղեկացնենք, որ Ստեփանակերտի խանութներում սովորական մատնաքաշի գինը 120-130 դրամ է: