Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունը մտածում է, որ ընդդիմության մեջ կան աղավնիներ եւ «յաստրեբներ». այսօր լրագրողներին ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` իր մասին ասելով, որ պատկանում է «յաստրեբների» թվին:
Իսկ ահա ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում է աղավնի:
«Յաստրեբներն» այսօր արտահայտում են ժողովրդի ռեալ ցանկությունները, իսկ նրանց, այսինքն` կոշտ ընդդիմադիրներին չեզոքացնելով, իշխանությունը փորձում է հեշտացնել իր գործը»,- ասաց Կարապետյանը:
Անդրադառնալով ՀԱԿ անդամ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությանը` ՆԺԿ առաջնորդը նշեց. «Ես չգիտեմ` Սամսոնին ինչու են ձերբակալել, բայց ձերբակալման ձեւն արդեն իսկ սխալ է. մարդուն ահաբեկում են, այն էլ ում` Եվրոպայի կրկնակի չեմպիոնի՞ն: Ինքը` որպես «աղավնի» ելույթ է ունեցել, ոստիկանապետն էլ` որպես «յաստրեբ», ձերբակալել է»:
«Նոր ժամանակների» առաջնորդը նաեւ նշեց, որ մեզ մոտ կա Ալիկ Սարգսյան, բայց չկա ոստիկանապետ, կա Գորիկ Հակոբյան, բայց չկա ԱԱԾ, կա ֆինանսների նախարար, բայց չկա նախարարություն, կա վարչապետ, բայց չկա կառավարություն եւ այդպես շարունակ:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Արամ Կարապետյանն այդ ցուցակից հանեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին` նրան համարելով «կենտրոնամետ»: ՀՅԴ-ի մասին էլ կարծիք հայտնեց, որ վերջինս բավական հայեցողական ընդդիմություն է, եւ այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի իշխանությունը, երբեւէ ՀՅ Դաշնակցության քաղաքական էլիտայի կողմից չի ողջունվել:
«Դե իսկ «Ժառանգությունն» էլ մերոնցական է ու գնում է այն ճանապարհով, որով մենք ենք անցել»,- նկատեց Կարապետյանը` «Ժառանգությանը» խորհուրդ տալով ավելի շատ կենտրոնանալ իշխանական բարձրագույն օղակների դեմ պայքարի վրա:
Ի դեպ, լրագրողների հարցին` ինքը չի՞ նեղացել ՀԱԿ-ից, որ հանրահավաքին չեն հրավիրել, Արամ Կարապետյանը պատասխանեց, որ ոչ մեկից էլ չի նեղացել ու ոչ մեկի հետ էլ խնդիրներ չունի: «Մենք միակ ընդդիմադիր ուժն ենք, որ բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ունենք, իսկ ինձ որեւէ տեղ հրավիրել պետք չի, ու չեմ էլ նեղանում, որովհետեւ երբեւէ այդ հանրահավաքներից սեփական օգուտներ չեմ քաղում»,- նշեց նա: