Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաշխարհային տնտեսական ֆորումը երեկ հրապարակել է «Ճամփորդություն և զբոսաշրջություն. Մրցունակություն-2011» (The Travel & Tourism Competitiveness Report 2011) զեկույցը։ Զեկույցում ներկայացված 139 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 90-րդ տեղում՝ նախորդ՝ 2009թ. զեկույցի համեմատ արձանագրելով 1 աստիճանի առաջընթաց: Բայց պետք է հաշվի առնել, որ նախորդ զեկույցում ընդգրկված էր 133 երկիր, ինչը նշանակում է, որ ըստ էության Հայաստանը զբոսաշրջության ոլորտում առաջընթաց չի արձանագրել։
Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցում, ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի, Հայաստանի դիրքը 1 տեղով բարձրացել է 2009թ. համեմատ: Հայաստանը չորրորդ անգամ է ներգրավվում զեկույցում:
Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկը այս տարի գլխավորում են Շվեյցարիան, Գերմանիան և Ֆրանսիան: Մրցունակությամբ ամենաթույլ երկրներն են Չադը, Անգոլան և Բուրունդին:
Զբոսաշրջության մրցունակության համաթիվը, որը համակողմանիորեն գնահատում է երկրների մրցունակությունը զբոսաշրջության բնագավառում, բաղկացած է 3 ենթահամաթվերից, որոնք հաշվարկվում են 14 հենասյուների գնահատականների հիման վրա:
Այս ենթահամաթվի առումով Հայաստանի դիրքը մնացել է անփոփոխ (58-րդ տեղ):
Հայաստանում վիճակը բավական բարվոք է ապահովության և անվտանգության, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների և առողջապահության առումով, սակայն դեռևս լուրջ խնդիր է շրջակա միջավայրի պաշտպանությունը: Հայաստանի դիրքի վրա բացասաբար են ազդել շրջակա միջավայրի օրենսդրության խստության և կիրառման ցածր մակարդակը (120-րդ և 126-րդ տեղեր), վիզայի պահանջները (126-րդ տեղ), շրջակա միջավայրին վերաբերող կոնվենցիաներին մասնակցության սահմանափակությունը (108-րդ տեղ), ոստիկանության վստահելիության ցածր աստիճանը (112-րդ տեղ) և օդային հաղորդակցության բնագավառում երկկողմ համաձայնագրերի սահմանափակ քանակը (91-րդ տեղ): Էական բարելավում է արձանագրվել պետական քաղաքականության թափանցիկության բարձրացման ցուցանիշով (103-րդից 53-րդ տեղ):
Հայաստանի դիրքը զբոսաշրջության բիզնես միջավայրի և ենթակառուցվածքի ենթահամաթվի առումով բարելավվել է 5 տեղով: Դրան էապես նպաստել է զբոսաշրջության ենթակառուցվածքների հենասյուների գնահատականների բարելավումը:
Ըստ զեկույցի` բիզնես միջավայրի և ենթակառուցվածքի առումով Հայաստանի միակ առավելությունն է զբոսաշրջության ոլորտի գնային մրցունակությունը, որը, սակայն, նվազել է նախորդ տարվա համեմատ: Հայաստանն էապես զիջել է դիրքերը հյուրանոցների գների (64-րդից՝ 82-րդ տեղ) վերգետնյա ճանապարհային ցանցի որակի (60-րդից՝ 81-րդ տեղ) համաթվերի տեսանկյունից: Ուշագրավ բարելավումներից է մեքենաների վարձույթով զբաղվող միջազգային հայտնի ընկերությունների ներկայության համաթվի աճը (95-րդից՝ 80-րդ տեղ):
Հայաստանն այլ երկրներին զիջում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ցածր մակարդակի առումով: Օդային և վերգետնյա տրանսպորտի ենթակառուցվածքը թեև գրանցել է որոշակի առաջընթաց նախորդ տարվա համեմատ, սակայն մնում է Հայաստանի հիմնական մրցակցային թերություններից: Այս ենթահամաթվի առումով Հայաստանի դիրքը նվազել է 5 տեղով: Հայաստանի մրցակցային առավելություններից է բնակչության բաց և բարեհամբույր վերաբերմունքն օտարերկրյա այցելուների նկատմամբ (զբոսաշրջության նկատմամբ բացության համաթվով Հայաստանը զբաղեցնում է 33-րդ տեղը): Դրանով հանդերձ, սակայն, այս տարի էական հետընթաց է արձանագրվել գործարար այցելությունների ընթացքում հարակից զբոսաշրջային ծառայությունների առաջարկի մասով (31-րդից՝ 61-րդ տեղ):
Աշխատաշուկայի ճկունությունը (աշխատակիցների աշխատանքի ընդունման և ազատման դյուրինությունը) շարունակում է բարձր պահել մարդկային ռեսուրսների օգտագործման գծով մրցունակությունը, այսուհանդերձ լուրջ խնդիր է մնում աշխատուժի կրթման և զարգացման ենթակառուցվածքը: Մի կողմից՝ կրթական հաստատությունները չեն կարող ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներ (կրթական համակարգի որակով Հայաստանը զբաղեցնում է 115-րդ, իսկ վերապատրաստման և հետազոտական ծառայությունների հասանելիությամբ՝ 124-րդ տեղերը), մյուս կողմից՝ ընկերություններն իրենք բավարար ներդրումներ չեն կատարում աշխատակիցների վերապատրաստման համար (աշխատակիցների վերապատրաստման մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 116-րդ տեղը):
Հայաստանի արդյունքների վերլուծությունը մատնանշում է այն ոլորտները, որոնց վրա մեծ ուշադրություն պետք է դարձնել: Սակայն թե այդ նույն երևույթները որքանով են հրատապ, կարելի է գնահատել Հայաստանի դիրքերը համեմատելով այլ երկրների հետ, մասնավորապես՝ համադրելի համարվող երկրների հետ: Այդպիսի երկրներ են դիտարկվել Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի և Միջին Արևելքի երկրները:
Այս երկրների խմբում ամենամրցունակը Էստոնիան է` առաջ անցնելով անցած տարվա առաջատար Չեխիայից: Հայաստանը զիջում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի բոլոր երկրներին (բացառությամբ Սիրիայի): ԱՊՀ երկրների թվում Հայաստանը գրավել է 5-րդ տեղը` զիջելով Ռուսաստանին (59-րդ), Վրաստանին (73-րդ), Ադրբեջանին (83-րդ) և Ուկրաինային (85-րդ):
Ըստ զբոսաշրջության կանոնակարգող դաշտի ենթահամաթվի՝ Արևելյան Եվրոպայի առաջատարը Էստոնիան է, որին հետևում են Հունգարիան և Չեխիան: Հայաստանը հետ է մնում այս տարածաշրջանի բոլոր երկրներից: ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը զիջում է միայն Վրաստանին: Միջին Արևելքի երկրներից Հայաստանն առաջ է Սիրիայից և Թուրքիայից:
Ըստ զբոսաշրջության բիզնես միջավայրի և ենթակառուցվածքի ենթահամաթվի` Հայաստանը բավական թույլ դիրքեր է զբաղեցնում` 100-րդ տեղը` զիջելով Արևելյան Եվրոպայի երկրներին և Միջին Արևելքի տարածաշրջանի երկրներին (բացառությամբ Սիրիայի): ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը գերազանցում է միայն Տաջիկստանին և Ղրղըզստանին: Արևելյան Եվրոպայի երկրների շարքում առաջատարը Էստոնիան է, ինչը պայմանավորված է հիմնականում զբոսաշրջության, ՏՀՏ-ի և վերգետնյա տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման մակարդակով: ԱՊՀ երկրների շարքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը: Իսրայելն առաջատար դիրքերում է Միջին Արևելքի երկրների շարքում, մասնավորապես՝ զարգացած ՏՀՏ ենթակառուցվածքի շնորհիվ: