Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ: Այսինքն` «Իզվեստիա» թերթում անձամբ եմ կարդացել դեպքի պատմությունն ու դատավարության մասին ծանուցումը: Մի չուկչա (ափսոս, անունը չեմ հիշում) դատի էր տվել թերթի ֆոտոթղթակցին` իր պատիվն ու արժանապատվությունը զանգվածային լրատվամիջոցով արատավորելու համար: Ամբողջ Մոսկվան տժժում էր` իր հետ տժժացնելով ռուսական ողջ մեդիա տարածքը: Ինչպե՞ս կավարտվեր դատավարությունը, ի՞նչ որոշում կկայացներ դատարանը: Սպասումն ահավոր էր` ճիշտ 1941թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերվա նման:
Առաջին դեմքով եմ պատմում, որովհետեւ անձամբ եմ Մոսկվայում գտնվել այդ օրերին, իսկ դա 2002 թվականի ամռանն էր:
Նախորդած ձմռանը, պարզվում է, հանրահայտ թերթի ֆոտոլրագրողը (հատուկ Գագիկ Շամշյանի ուշադրությունն ենք հրավիրում) գործուղման է մեկնել հեռավոր հյուսիս` չուկչաների կյանքը պատկերող ֆոտոշարք պատրաստելու համար: Հասկանալի է, գործուղման օրերին ապրել է հյուրընկալ եղջերվապահի յուրտում (հյուրանոցներ չկան), օգտվել նրա համեստ սեղանից, մորթի, մուշտակ կպցրել եւ, հրաժեշտ տալիս, խոստացել նրա լուսանկարը տպագրել թերթում:
Անզգույշ ֆոտոլրագրողը, սակայն, միայն Մոսկվայում է նկատում, որ տեխնիկական խնդիրներ կան` կապված ծանոթ չուկչայի լուսանկարի հետ: Ի՞նչ անել: Եվ փորձառու թղթակցի աչքը նկատում է, որ իր լուսանկարած չուկչաները, մորթիների մեջ կոլոլված, այնքան էլ չեն տարբերվում միմյանցից: Սրա արդյունքում, հաջորդ օրը, «Իզվեստիան» լույս է տեսնում մի չուկչայի լուսանկարով ու մակագրությամբ, թե այս չուկչան այսքան ու այսքան եղջերու է պահում, այսքան ու այսքան մորթի ու կոտոշներ մթերում:
Սա է ողջ նախապատմությունը, որն, ինչպես ասացինք, տխուր վերջաբան ունեցավ «Իզվեստիայի» համար: Բոլորն սպասում էին դատավճռին: Հետաքրքրությունից դրդված ես էլ գնացի դատավարությանը:
Դատարանը, ինչ ուզում եք ասեք, լավ բան է: Այստեղ այնպիսի բաներ են պատահում… Հայցվոր չուկչան հաղթական հայացքը պտտում էր դահլիճում հավաքվածների վրա: Երկու կողմի դատապաշտպանները բոցաշունչ ճառեր էին արտասանում: «Իզվեստիայի» փաստաբանն, օրինակ, խոսում էր թերթի բազմազբաղ առօրյայից եւ փորձում ապացուցել, որ օրաթերթ է, ամեն ինչ կարող է պատահել, ուրիշ լուսանկար ենք տպագրել, աշխարհը չքանդվեց դրանից:
-Ոչ,- ծղրտում էր մեղադրող կողմը,- դրանով դուք հարված եք հասցնում եղբայրական ժողովրդի ազգային արժանապատվությանը:
Լսելով կողմերին` դատավորն իր մոտ է հրավիրում չուկչային, նայում նրան, ապա` տպագրված լուսանկարին, մի տեւական պահ լռում եւ հարցնում.
- Դուք, իրո՞ք, համոզված եք, որ լուսանկարում այլ մարդ է պատկերված:
- Չէ, դատավորն ապրած կենա, ես համոզված եմ, որ լուսանկարում այլ եղջերու է պատկերված: Դա իմը չէ:
Տժժալու հերթը հասավ ինձ: Խփվել էին հայկական ռադիոյի բոլոր ռեկորդները: Ինձ դուրս հրավիրեցին դահլիճից:
-Ձեռքներդ հեռու «Իզվեստիայից»,- հասցրեցի գոռալ ես` մատնելով կովկասյան առոգանությունս:
Բայց, ասեմ, համակրանքս ավելի շատ չուկչայի կողմն էր, ով հեռավոր հյուսիսից հասել էր Մոսկվա` իր եղջերվի պատիվը պահելու:
Ի՞նչ էինք ուզում ասել այս երկար-բարակ պատմությամբ: Անկեղծորեն ցանկանում ենք օգնել հայրենի դատարաններին, որոնց գզրոցներն արդեն լիքն են թերթերին ու լրատվամիջոցներին դատի տալու գործերով: Վճիռ կայացնելուց առաջ, հարգելի դատավորներ, խնդրում ենք, ձեզ մոտ հրավիրեք մեր չուկչաներին ու հետաքրքրվեք, թե նրանց հատկապես ի՞նչն է վիրավորվել, որ, եղջերու չունենալով հանդերձ, դիմել են դատարան` «պատիվ ու արժանապատվություն» պահանջելու:
Օգտվելով առիթից` նաեւ ցանկանում ենք ՀՀ իշխանություններին խորհուրդ տալ մեր որոշ բթամիտ պատգամավորների եւ քաղաքական գործիչների համար արագացված դասընթացներ կազմակերպել` «պատիվ եւ արժանապատվություն» թեմայով, այլապես նրանց թվում է, որ մինչ այժմ իրենց պետք չեկած բաները կարող են ձեռք բերել դատարանով:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ