| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-02-10 23:25
            14 տարի առաջ - 2011-02-10 23:25  
         
                
            Վերլուծաբանի աշխատանքը փաստեր հավաքելն ու դրանց հիման վրա եզրահանգումներ անելն է: Այնինչ` Միջազգային ճգնաժամային խմբի կողմից Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ զեկույցում փաստերն ու եզրահանգումները չեն համապատասխանում միմյանց:
Զեկույցում եկել են այն եզրահանգմանը, թե պատերազմը կարող է հանկարծակի բռնկվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ, իհարկե, հանկարծակի պատերազմներ լինում են, սակայն միայն այն իրավիճակներում, երբ հակամարտող կողմերը մեկ կենտրոնից չեն կառավարվում` ապակենտրոնացված են: Օրինակ` եթե մի խումբ պարտիզաններ դիմում են նման քայլի:
Սակայն սա չի վերաբերում Արցախին: Որպեսզի այս դեպքում պատերազմ սկսվի, ակնհայտ է, որ պետք է երեք կողմերից մեկը (Ադրբեջան, ՀՀ, ԼՂՀ) նման հրահանգ տա: «Այն, որ պատերազմը կարող է հանկարծակի բռնկվել, իմ կարծիքով, զեկույցում ոչ մի կերպ հիմնավորված չէ»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Զեկույցում պատերազմի վերսկսման հավանականությունը «հիմնավորվում» է նախ` Ադրբեջանի հարստությամբ. այն հարուստ պետություն է եւ կարող է իրեն նման բան թույլ տալ: Հետո ասվում է, թե նա կարող է պատերազմ սկսել, քանի որ կաղքատանա` նավթային ռեսուրսները սպառելով, հետո էլ, թե պատերազմ կսկսի, քանի որ 2014 թվականին հարուստ լինելուց անցում կկատարի աղքատությանը:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ զեկույցի նպատակը պատերազմի վերսկսման հավանականության թեզիսի հիմնավորումն է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը եւ հավելեց, որ սովորաբար զեկույցները, որոնք իսկապես կատարվում են վերլուծաբանների, գիտնականների կողմից, արժեքավոր են:
Սակայն որպեսզի այդ զեկույցները սարսափեցնելու նպատակ չունենան, պետք է իսկապես վերլուծական ձեւաչափով կազմված լինեն, չունենան քաղաքական ու քարոզչական նպատակներ:
Միեւնույն ժամանակ, քաղաքագետը խուսափեց ասել, թե զեկույցը հատկապես ո՞ր կողմի շահերին է հարում. «Այն, որ այդ զեկույցում ներկայացված փաստերի մասը չի համապատասխանում եզրակացություններին, ես դա նկատում եմ` որպես վերլուծաբան ուշադիր կարդալով: Զեկույցի շարժառիթը վերլուծությունը չի եղել, ինչ-որ այլ բան է եղել»: