կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 03:27
Մշակույթ

Մանկական Եվրատեսիլը` Երեւանում

Մանկական Եվրատեսիլը` Երեւանում

Մանկական Եվրատեսիլ-2011-ն անցկացվելու է Հայաստանում` դեկտեմբերի 3-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում համեվրոպական երգի մրցույթի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նրա խոսքով, մրցույթին ներկայացված է եղել 4-5 պետություն, որոնք ցանկություն են հայտնել հյուրընկալել Մանկական Եվրատեսիլը, սակայն Հայաստանի առաջարկը լավագույնն է ճանաչվել:

 

Եվրատեսիլի երեւանյան մրցույթն անցկացվելու է մարզահամերգային համալիրում: Ծրագիրը ղեկավարելու է շվեդ պրոդյուսեր Բո Վահլերբերգը: Հայաստանյան ներկայացուցիչները համագործակցելու են HD Resources կազմակերպության հետ, իսկ Եվրոպական հեռարձակողների միությունն էլ տրամադրելու է հեռարձակման համար նախատեսված տեխնիկական միջոցների մի մասը:

 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն էլ, իր հերթին, տեղեկացրել է, որ Հայաստանի եվրոպացի գործընկերներն արդեն ժամանել են Հայաստան: «Նրանք տպավորված են մարզահամերգային համալիրից, տեխնիկական բազայից, անձնակազմից»,- ասել է Ալեքսան Հարությունյանը: Հարցին, թե արդյոք Ադրբեջանը մասնակցություն ունենա մրցույթին, Ալեքսան Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանը երբեք չի մասնակցել մրցույթին, բայց դեռեւս ժամանակ կա եւ հնրավոր է, որ մասնակցության հայտ դեռ ներկայացնի:

 

Հնարավոր է, որ մրցույթին հրավիրվեն նաեւ համաշխարհային մեծության աստղեր:

 

Եվս մեկ լուր, այս անգամ մեծերի Եվրատեսիլից: Երեկ վիճականահանության արդյունքում պարզ է դարձել, որ 2011-ին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Էմմին հանդես է գալու մայիս 10-ին` առաջին կիսաեզրափակիչում: Նրա հետ նույն օրը հանդես են գալու Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Սերբիայի ներկայացուցիչները: