կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 09:54
Աշխարհ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Չինաստանի ույգուրներին աջակցող օրինագիծ է ընդունվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Չինաստանի ույգուրներին աջակցող օրինագիծ է ընդունվել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Չինաստանում ույգուրներին աջակցելու մասին, որոնց իրավունքները, ամերիկյան իշխանությունների համոզմամբ, խախտվում են. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները:

Օրենք դառնալու համար օրինագիծը պետք է ընդունի Սենատն ու ստորագրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչի հեռանկարները առայժմ հստակ չեն:

Օրինագիծն ընդունվել է գրեթե միաձայն՝ Ներկայացուցիչների պալատի 407 անդամներ փաստաթղթին կողմ են քվեարկել, և միայն մեկն է դեմ արտահայտվել:

Փաստաթղթով պատժամիջոցներ են նախատեսվում այն չինացի պաշտոնյաների դեմ, որոնք, ԱՄՆ իշխանությունների համոզմամբ, Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում խախտում են մարդու իրավունքները: Չինաստանի պաշտոնատար անձինք այս պահի դրությամբ դեռևս չեն արձագանքել օրինագծի ընդունմանը:

Ավելի վաղ ընդունված և արդեն ուժի մեջ մտած «Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության մասին» օրենքը կարող է սրել ԱՄՆ-ի ու Չինաստանի տարաձայնություններն, ինչպես նաև ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ այս երկրների միջև վարվող առևտրային բանակցությունների վրա:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն պարբերաբար քննադատում է Չինաստանին մարդու իրավունքների և Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում դավանանքի խախտումների համար, որտեղ բնակություն են հաստատել ույգուրներ, ղազախներ և մի շարք այլ ժողովուրդներ, որոնք իսլամ են դավանում:

Հավելենք, որ ԱՄՆ-ն ավելի վաղ արգելել էր ամերիկյան ապրանքներ արտահանել Չինաստանի 28 ընկերությունների համար, ինչպես նաև վիզայի սահմանափակումներ էր մտցրել Չինաստանի կառավարության ու կոմկուսի այն անդամների համար, որոնք, Վաշինգտոնի տեղեկությունների համաձայն, մասնակցություն են ունեցել բռնաճնշումներին:

Նշենք, որ Չինաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, թե Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ույգուրների համար «վերադաստիարակության ճամբարների» մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում: