Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը որոշակի մեսիջ է համարում Հայաստանի Զինված ուժերի զինանոցում S-300 համակարգի առկայության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը:
Երկուշաբթի օրը Հայաստանը պաշտոնապես խոստովանել է, որ իր Զինված ուժերը հագեցած են ռուսական արտադրության գերճշգրիտ զենիթահրթիռային S-300 համակարգով:
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է, որ թեեւ Հայաստանում S-300 տիպի համակարգերի համար մինչ օրս պաշտոնական հավաստումներ չեն եղել, սակայն բոլորին էլ հայտնի էր, որ հակահրթիռային այդ համակարգերը իսկապես կան:
«Քանի որ առաջին անգամ պաշտոնապես ասվեց դրանց առկայության մասին, ես կարծում եմ, այստեղ, բայցեւայնպես, կա որոշակի մեսիջ` ուղղված, իհարկե, առաջին հերթին Ադրբեջանին»,- ընդգծեց Մեհրաբյանը:
Ռուսաստանյան Դաշնության աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը, իր հերթին, սա համարում է ինֆորմացիոն պատերազմ հակամարտող երկու երկրների միջեւ:
«Վերջին կես տարում Ադրբեջանը գնել է հարձակողական տիպի մի շարք հրթիռներ, որոնց հեռահարությունը 100-ից մինչեւ 350 կիլոմետր է, իսկ դա շատ մեծ վտանգ է Հայաստանի պաշտպանունակությանը: S-300 հրթիռը` դա ուղղված է հենց նման տեսակի հարձակողական ադրբեջանական հրթիռներից պաշտպանելու Հայաստանի տարածքը: Ադրբեջանը հայտարարեց` իրենք գնել են հրթիռներ հարձակողական, Հայաստանն էլ հայտարարում է` մենք էլ ունենք հակաօդային պաշտպանության համակարգերե, - նշել է Սարգսյանը:
Ընդ որում, նրա համոզմամբ, այս ինֆորմացիոն պատերազմում Հայաստանը գոնե առայժմ տանուլ է տալիս. «Ես կարծում եմ, պաշտպանության նախարարի արածը ուշացած էր, բայց գոնե փորձում է հավասարակշռությունը պաշտպանել: Որովհետեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեծ, շատ մեծ բացթողումներ ունի հենց քարոզչական դաշտումե:
S-300 տիպի հակաօդային պաշտպանության համակարգը նախագծվել է Խորհրդային Միությունում` 1970-ականների վերջին, եւ մինչ օրս բազմիցս կատարելագործվել է: Համակարգի ռադարները մինչեւ 200 կլիոմետր հեռավորության վրա կարող են հետապնդել եւ որսալ միաժամանակ 100 թիրախ: