Մենք գրել էինք, որ անցած շաբաթ` դեկտեմբերի 4-ին, մայրաքաղաքի մոտ 300 հեղինակություններ հավաքվել են Էրեբունու «Արգիշտի» ռեստորանում: Հավաքի նախաձեռնողը եղել է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, իսկ նպատակը` պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել` համատեղ դիմագրավելու առաջիկա մարտահրավերներին: Մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը եւ ուրիշներ: Հավաքը բացել են Սերժ Սարգսյանի կենացով: Այս հանդիպումից անցել է մոտ մեկ շաբաթ: Մենք տեղեկավանք, որ հինգշաբթի եւ ուրբաթ օրը, ոստիկանության տարբեր բաժիններ, 6-րդ վարչություն, քրեական հետախուզություն են հրավիրվել հավաքի մոտ 50 մասնակիցներ, նրանց թվում երրորդմասցի Լյովիկը, Զեյթունի Էդոն, Էրեբունու Արտյոմը, Նորքի մասիվի Հակը, Վահանն ու Ժիրոն, Արաբկիրից` Տուն, Կոմայգու Սեփիկը, Տրամվի պարկի Ղազարը, Անդրանիկ Մարգարյանի սանիկ Պիստ Արմենը եւ ուրիշներ: Յուրաքանչյուրին 4-5 ժամ պահել են եւ հետաքրքրվել նշված հավաքով: Բնականաբար, ոչ մի արձանագրություն չի կազմվել, եղել են բանավոր զրույցներ: Ոմանց անգամ ուղիղ հարցեր են տվել` Լեւոն Տեր – Պետրոսյանի գովքն եք արե՞լ, նախագահի դեմ ինչ որ բան եք ծրագրե՞լ, Մհերի՞ն էիք փառաբանում: Հեղինակությունները սա գնահատել են որպես իրենց «ախպերության» դեմ ուղղված քայլ եւ վստահ են, որ հավաքի մասնակիցներից ինչ-որ մեկը մտել է նախագահի մոտ եւ «մուտիտ» արել: Ընդ որում, սա ավելի շատ ուղղված է Թոխմախի Մհերի դեմ: Հիմա հեղինակությունները զբաղված են իրենց թշնամուն հայտնաբերելու գործով: Իսկ թե ով կարող էր ուղիղ մտնել Սերժ Սարգսյանի մոտ` դժվար չէ կռահել: