կարևոր
2542 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-01 09:37
Քաղաքական

Ալեն Սիմոնյանը որոշել է պետբյուջեի հաշվին շրջագայություններ նվիրել պատգամավորներին. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը որոշել է պետբյուջեի հաշվին շրջագայություններ նվիրել պատգամավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական պատգամավորների համար սկսվում են երանելի ժամանակները. առաջիկա ամիսներին շրջագայությունների իսկական բում է սպասվում նրանց: ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը որոշել է պետբյուջեի հաշվին շրջագայություններ շռայլել պատգամավորներին, ընդ որում՝ Սիմոնյանը բարեհաճ է գտնվել թե՛ իշխանականների, թե՛ ընդդիմադիրների նկատմամբ. նրանք ողջ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին շրջագայությունների մեջ կլինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշնան առաջին ամիսն ակտիվ գործուղումներով կսկսի ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը. վերջինս սեպտեմբերի 4-5-ը կգործուղվի Մինսկ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար, իսկ սեպտեմբերի 6-ին կմեկնի Բելառուս՝ Բրեստ, «Փոխգործակցություն-2023» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին խորհրդարանական մոնիթորինգ իրականացնելու համար: Պետբյուջեի հաշվին գործուղման կգնա նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա սեպտեմբերի 10-14-ը Փարիզում կմասնակցի ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի եւ Մոնիտորինգի հանձնաժողովների նիստերին:

Ընդդիմադիրները նույնպես հետ չեն մնա այս գործուղումների շռայլություններից: Սեպտեմբերի 14-18-ը ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի հետ Վիետնամ կգործուղվի նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը. նրանք Հանոյ քաղաքում կմասնակցեն Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու համար սեպտեմբերի 19-25-ը Նյու Յորք կմեկնեն Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը եւ Արփինե Դավոյանը: ՔՊ-ականների թանկարժեք շրջագայությունները կշարունակվեն նաեւ հոկտեմբերին: Հոկտեմբերի 5-10-ը ԱԺ պատվիրակություն կմեկնի Կոպենհագեն՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը: Արմեն Գեւորգյանը 2023 թվականի հոկտեմբերի 22-27-ը Ստրասբուրգում կլինի: Շրջագայությունների շքերթը եզրափակում է Մարիա Կարապետյանը. նա «Ալյանս հանուն պատասխանատու քաղաքացիության» նորաստեղծ նախաձեռնության առաջին համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կգործուղվի Լոնդոն:

Շրջագայությունների այս մեծ ցանկից արդեն հասկանալի է, որ ՔՊ-ականները «մեծ ախորժակով» են սկսում աշունը, բայց թե մեր պետությանը ինչ օգուտ են տալիս ՔՊ-ականների այս շռայլ ու թանկարժեք շրջագայությունները, ժամանակը ցույց կտա:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում