կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-22 23:15
Քաղաքական

Բաց նամակ ընտրական օրենսդրության համաժողովին

Բաց նամակ ընտրական օրենսդրության  համաժողովին

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

 

Տիկնայք և պարոնայք,

Ամեն անգամ, երբ Հայաստանում սկիզբ է առնում հերթական նախընտրական շրջանը, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ, մեր հասարակությունն արդեն բոլորին ձանձրացրած մի պատկերի ականատես Է դառնում: Իշխանությունները բուռն գործունեություն են ծավալում ՀՀ Ընտրական օրենսգրքի բարելավման, կատարելագործման և եվրոպական չափանիշներին հասցնելու ուղղությամբ: Եվ ամեն անգամ այդ գործունեության շուքն ու աղմուկը ստվերի տակ են թողնում հասարակության բնական հարցը. իսկ ի՞նչն էր խանգարում բարելավել, կատարելագործել և եվրոպական չափանիշներին հասցնել Ընտրական օրենսգիրքը նախորդ անգամ: Կամ նախանցյալ ընտրություններից առաջ: Կամ ավելի վաղ` համապատասխան պարտավորությունները ստանձնելուց անմիջապես հետո: Չէ՞ որ իշխող ուժն այդ ողջ ժամանակահատվածում չի փոխվել: Բայց այս հարցը նորից կմնա հռետորականների շարքում, իսկ հասարակությանը կներկայացվի օրենսգրքում մի քանի ձևական փոփոխություն կատարելու համար մղվող դյուցազնական պայքարի տեսարան:

            Մինչդեռ դյուցազնական պայքարի կարիք բոլորովին չկա: Եթե իշխանությունները իսկապես ցանկանում են Ընտրական օրենսգրքի բարեփոխման ճանապարհով կատարելագործել ընտրությունների, այլ ոչ թե ընտրակեղծիքների որակը, ապահովել ընտրությունների արդյունքների արժանահավատությունը, այլ ոչ թե խախտումների հեղինակների անպատժելիությունը, ապա անհրաժեշտ է անել առնվազը մեկ բան:

Պետք է մատչելի դարձնել քվեարկություններին մասնակցած ընտրողների անվանացանկերը, այսինքն գաղտնազերծել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները: Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ սա միակ անհրաժեշտ փոփոխությունն է, բայց առանց դրա մնացած բոլոր բարեփոխումները ոչ մի նշանակություն չեն ունենա, ոչ մի շոշափելի արդյունքի չեն բերի, արդարություն ու թափանցիկություն չեն ապահովի: Եվ  ի՞նչպես ապահովել թափանցիկությունը, երբ հանրությունից ընտրության գաղտնիության պատրվակով թաքցվում է քվեարկողների, այսինքն ժողովրդի կամաարտահայտումն իրականացնողների կազմը: Եթե այն գաղտնազերծվեր, մեր գյուղերում բնակվող տարեց ընտրողները ընտրությունների հաջորդ օրը զարմանքով կտեսնեին, որ իրենց տեղամասերում քվեարկել են գաղտագողի հայրենիք վերադարձած իրենց զավակներն ու ազգականները, ովքեր վաղուց արտերկրում են բնակվում, Երևանի բնակիչները ընտրողների ցուցակներում բազմաթիվ անհայտ հարևանների կհայտնաբերեյին, գյումրեցիներն ու վանաձորցիները զարմանքով կպարզեին, որ տասնամյակներ շարունակ դատարկ և կողպված բնակարաները լեցուն են քվեարկասեր բնակիչներով, իսկ դրանց պատճենահանված ստորագրությունները կհայտնվեին տարբեր տեղամասերում և այլն:

            Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող այս այլանդակությունները կբացահայտվեին: Հենց դա էլ կապահովեր ընտրությունների իրական թափանցիկությունը, որը  կբացահայտեր կեղծիքի և քվեարկողների ուրճացված թվերի վրա կառուցված <<վստահության քվեի>> սնանկությունը:

            Այս առաջարկն առաջին անգամ չի հնչում: Մեր կուսակցության կողմից այն բազմիցս ներկայացվել է, սակայն ՀՀ իշխանությունների կողմից ընտրության գաղտնիության պատրվակով միշտ մերժվել:

            Կրկնում եմ` պատրվակով, քանի որ իրական պատճառն այլ է, և կարծում եմ բոլորի համար հասկանալի: Եվ ոչ մի տեսական մոտեցում չի կարող ընտրության գաղտնիությամբ արդարացնել ընտրությունների արդյունքների խեղաթյուրման քողարկումը:

            Առավել ևս, երբ ընտրողների մասնակցության գաղտնիությունը զուտ ձևական բնույթ է կրում: Դատեք ինքներդ. երկրում կա մոտ երկու հազար ընտրական տեղամաս, յուրաքանչյուր տեղամասում ընտրության պահին գտնվում են հանձնաժողովի յոթ անդամներ, կուսակցությունների և մեծամասնական թեկնածուների երկու-երեք տասնյակ վստահված անձիք, բազմաթիվ առաքելություններ ներկայացնող դիտորդներ և այլն: Դրան գումարեք ոստիկաններին, լրագրողներին, հենց իրենց` ընտրողներին և պարզ թվաբանական հաշվարկը ցույց կտա, որ ընտրությանը քաղաքացիների մասնակցելու փաստին այս կամ այն չափով տեղեկացված է առնվազը քառորդ միլիոն մարդ: Դեռ չեմ խոսում տեղամասերից հեռուստատեսային հաղորդումների մասին: Եվ սա նորմալ է: Այդպես էլ պետք է լինի, որովհետև գաղտնի պետք է մնա ոչ թե ընտրություններին մասնակցելու փաստը (այն հնարավոր էլ չէ թաքցնել), այլ ինքը քվեն` այն, թե ի՞նչպես է քվեարկել քաղաքացին: Եթե սա չլիներ ժողովրդավարական ընտրությունների իմաստն ու սկզբունքը, ապա բազմաթիվ դեմոկրատական երկրներում չէր գործի ընտրություններին քաղաքացիների պարտադիր մասնակցության նորմը, երբ այդ մասնակցության կամ դրանից խուսափելու փաստը հատուկ գրանցվում է և ոչ մի գաղտնիք իրենից չի ներկայացնում:

 

 

ՀՅԴ Բյուրոյի անդամ,

ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ղեկավար`              

Վահան Հովհաննիսյան