կարևոր
352 դիտում, 25 րոպե առաջ - 2026-11-13 20:27
Աշխարհ

Եվրոպական ապագայից՝ Ռումինիայի հետ միավորում․ ի՞նչ է կատարվում Մոլդովայում

Եվրոպական ապագայից՝ Ռումինիայի հետ միավորում․ ի՞նչ է կատարվում Մոլդովայում

«Yerevan.today»-ը գրում է.

«Եվրամիությանն ինտեգրվելու հայտ ներկայացրած Մոլդովան հայտարարել է երկիրը Ռումինիային ձուլելու մտադրության մասին։ Ինչպես սկսվեց այս ամենը և ինչ իրավիճակ է այսօր։
 
Մոլդովայի եվրոպական ուղին

Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը նոր թափ ստացավ 2022 թվականին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։
2022 թվականի մարտի 3-ին Մոլդովան պաշտոնապես դիմեց Եվրամիությանն անդամակցելու համար։ Նույն թվականի հունիսի 23-ին երկիրը ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ 2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու մասին, իսկ 2024 թվականի հունիսի 25-ին բանակցություններն արդեն պաշտոնապես մեկնարկեցին։
Այսպիսով, Մայա Սանդուի իշխանության օրոք եվրոպական ինտեգրացիան հռչակվեց երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ռազմավարական ուղղություններից մեկը։
 
2024 թվականի հանրաքվեն․ հասարակության արձագանքը եվրոպական ինտեգրացիային

Եվրոպական ինտեգրման ճանապարհին Մոլդովայի իշխանությունները սահմանադրական հանրաքվե անցկացրեցին՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, նախագահական ընտրությունների հետ համատեղ։ Քաղաքացիներին առաջարկվում էր պատասխանել հետևյալ հարցին․
«Աջակցո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը՝ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու նպատակով»։
Հանրաքվեի մասնակիցների 50.35 տոկոսը կողմ քվեարկեց եվրոպական ինտեգրմանը, իսկ 49.65 տոկոսը՝ դեմ, 50.72 տոկոս մասնակցության դեպքում։ Այսինքն՝ ընդամենը 0.7 տոկոսի տարբերությամբ կողմ քվեարկածները հաղթեցին դեմ արտահայտվածներին։ Եվրոպական ինտեգրացիայի սահմանադրական ամրագրումը հասարակության կողմից ստացավ ոչ թե ճնշող, այլ նվազագույն առավելությամբ աջակցություն։ Ընդ որում՝ Մոլդովայի ներսում քվեարկության արդյունքները տարբեր էին, և արտերկրում բնակվող մոլդովացիների ձայներն էական ազդեցություն ունեցան վերջնական արդյունքի վրա։
Հանրաքվեի արդյունքները հոկտեմբերի 31-ին հաստատեց Սահմանադրական դատարանը։ Սահմանադրության մեջ եվրոպական ինտեգրացիան ամրագրվեց որպես երկրի ռազմավարական նպատակ։

ԵՄ անդամությո՞ւն, թե՞ միավորում ԵՄ անդամ երկրի

Եվրոպական ինտեգրման մասին խոստումների ֆոնին Մոլդովայի քաղաքական օրակարգում աստիճանաբար ավելի հաճախ սկսեց շրջանառվել մեկ այլ հարց՝ Ռումինիայի հետ միավորումը։
2026 թվականի հունվարի 11-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հարցազրույց տվեց բրիտանացի լրագրողներ Ռորի Ստյուարտի և Ալասթեր Քեմփբելի վարած «The Rest Is Politics» փոդքասթին և հետևյալ միտքը հայտնեց․ «Եթե հանրաքվե անցկացվեր, ես կքվեարկեի Ռումինիայի հետ միավորման օգտին»,- պատասխանեց Սանդուն։
Նա իր դիրքորոշումը բացատրեց աշխարհաքաղաքական իրավիճակով՝ նշելով, որ Մոլդովայի նման փոքր պետության համար գնալով ավելի դժվար է դառնում գոյատևել որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկիր՝ դիմակայելով Ռուսաստանի ազդեցությանը։
Հունվարի 22-ին Սանդուն կրկին անդրադարձավ թեմային՝ հայտարարելով, որ հասարակության շրջանում միավորման համար անհրաժեշտ մեծամասնություն չկա, իսկ նման հարցը կարող է լուծվել միայն քաղաքացիների կամարտահայտությամբ։ Նա որևէ կոնկրետ հանրաքվեի անցկացման ծրագիր չներկայացրեց։
Նախագահի հայտարարությունից մի քանի օր անց նույն թեմային անդրադարձավ նաև Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն։ Հունվարի 16-ին նա նույնպես հայտարարեց, որ անձամբ կողմ կքվեարկեր Ռումինիայի հետ միավորմանը, եթե նման հանրաքվե անցկացվեր։
«Որպես Ալեքսանդր Մունտյանու՝ ես կքվեարկեի կողմ։ Բայց որպես Մոլդովայի վարչապետ՝ ես պետք է իրականացնեմ բնակչության մեծամասնության կամքը, որը որոշել է, որ մեր նպատակը եվրոպական ինտեգրումն է»,- հայտարարեց նա։
Այսպիսով, վարչապետը փորձեց տարանջատել իր անձնական նախապատվությունը պետական պաշտոնից բխող պարտավորություններից՝ ընդգծելով, որ կառավարության պաշտոնական նպատակը շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցությունը։
Ավելի կոշտ ձևակերպմամբ հանդես եկավ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը։ Հունվարի 19-ին նա հայտարարեց, որ Ռումինիայի հետ միավորումը կարող է անհրաժեշտություն դառնալ, եթե Ռուսաստանը չափազանց մոտենա Մոլդովայի սահմաններին։

Նրա խոսքով՝ եթե վտանգի տակ հայտնվեն երկրի գոյությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը, ապա ստիպված կլինեն դժվար որոշումներ կայացնել։ Նա նաև ընդգծել էր, որ նման որոշումը պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը։
Այս հայտարարությունների հաջորդականությունը ուշագրավ է․ երկրի նախագահը, վարչապետն ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրեթե նույն ժամանակահատվածում հրապարակայնորեն արտահայտվեցին Ռումինիայի հետ միավորման օգտին։
Իսկ ահա տարեվերջին՝  07․11․2026թ․, TVR Moldova հեռուստաալիքի եթերում Մոլդովայի փոխվարչապետ և արտգործնախարար Միհայ Պոպշոյը հայտարարեց, որ Ռումինիայի հետ միավորման գործընթացն «արդեն տեղի է ունենում»։ Որպես երկու երկրների մերձեցման գործնական օրինակներ՝ նա նշեց Միավորման ավտոմայրուղու կառուցումը, Պրուտ գետի վրայով նոր կամուրջների նախագծերը և էներգետիկ կապերի զարգացումը։ Նրա խոսքով՝ նման համատեղ ծրագրերի գործնական արդյունքները կարող են քաղաքացիներին ավելի արդյունավետ համոզել միավորման առավելությունների հարցում, քան քաղաքական քննարկումները։

Ընդդիմության՝ դավաճանության մեղադրանքը՝ իշխանություններին

Մոլդովայի ընդդիմության հիմնական ուժերը կտրուկ դեմ են արտահայտվել Ռումինիային միավորվելու գաղափարին և Միհայ Պոպշոյի հայտարարությունները որակել են որպես պետականության կորստի ու անեքսիայի նախապատրաստում։
Կոմունիստների կուսակցությունը (PCRM) պահանջել է Պոպշոյի հրաժարականը:Կուսակցությունը նրա խոսքերը որակել է որպես «ծանր հանցագործություն Մոլդովայի պետության դեմ»՝ իշխող «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությանը մեղադրելով երկիրը դեպի բռնի միավորում տանելու և պետականությունը ոչնչացնելու մեջ։
Նախկին նախագահ և սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը քննադատել է միավորման ցանկացած քայլ՝ դրանք անվանելով «տարածքային անեքսիայի» նախապատրաստում։ Նրա դիրքորոշմամբ՝ Մոլդովայի անկախությունն ու չեզոքությունը սակարկման ենթակա չեն և չեն կարող զիջվել։

Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը (MAN կուսակցություն) մեղադրել է իշխանություններին երկիրը թուլացնելու մեջ: Ազգային այլընտրանքային շարժման առաջնորդ Իոն Չեբանը հայտարարել է, որ իրենք «չեն վաճառում իրենց երկիրը» և պետք է հարգել քաղաքացիների կամքը։ Նա իշխանություններին մեղադրել է տնտեսական ու ինստիտուցիոնալ անկում հրահրելու մեջ՝ պնդելով, որ նրանց նպատակը Մոլդովան «չկայացած պետության» վերածելն է, որպեսզի հեշտացվի միավորման գործընթացը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։