|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հետք»-ը գրում է.
«Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն առաջադրել է 42 թեկնածուի, սակայն Աշոցքում ավագանու անդամ կարող է դառնալ միայն 30-ը։
Աշոցք խոշորացված համայնքում 25 բնակավայր է ընդգրկված։ Նրանցից 12-ի վարչական ղեկավարները ՔՊ թեկնածուների ցանկում են։ Ավագանու թեկնածուների ցանկում են նաև համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և այլք։
Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների գույքի, եկամուտների ու դրամական միջոցների տվյալները։
ՔՊ ցուցակը գլխավորում է Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։ Նա 2018թ․ նոյեմբերի 3-ից մինչև 2019թ. փետրվարի 22-ը եղել է Աշոցք համայնքի ղեկավարի պաշտոնակատար, այնուհետև Աշոցք համայնքի ղեկավար է ընտրվել։
Մանուկյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակելի տուն Մեծ Սեպասար բնակավայրում և ընդհանուր 4,5 հա մակերեսով 5 հողամաս։
Ընթացիկ տարում ունեցել է 8 մլն 121 հազ. դրամ եկամուտ, որից 4 մլն 721 հազ. դրամն Աշոցքի համայնքապետարանից աշխատավարձ է ստացել, 1 մլն 400 հազ. դրամը՝ Պաշտպանության նախարարությունից, 2 մլն դրամ էլ վարկ է վերցրել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 300 հազ. դրամ գումար։
Ցուցակի 2-րդ համար Արտուշ Մանուկյանը Աշոցք համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է, նախկին Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարը (ներկայում Աշոցքի կազմում է ընդգրկված)։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակելի տուն և 8 կտոր՝ ընդհանուր 6,1 հա մակերեսով հողամաս Գոգհովիտ բնակավայրում, 1 «ՎԱԶ–21» մակնիշի ավտոմեքենա։ Աշոցքի համայնքապետարանից ընթացիկ տարում ստացել է 3 մլն 992 հազ. դրամ աշխատավարձ։ Դրամական միջոցները կազմել են 2 մլն 221 հազ. դրամ։
Ցուցակի երրորդ համարը «Աշոցքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարգարիտ Դանիելյաննէ։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան և 2 վարելահող Աշոցքում։ Ընթացիկ տարում ունեցել է 4 մլն 764 հազ. դրամի եկամուտ, որից 360 հազ. դրամը վարկ է եղել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 150 հազ. դրամ գումար։
19 կտոր հողատարածք. ո՞վ է ամենաշատ գույք հայտարարագրած թեկնածուն
Թեկնածուներից ամենաշատ գույքը հայտարարագրել է ցուցակի 9-րդ համար, Վարդաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Ֆլորա Թոսունյանը։ Նա Վարդաղբյուրում համատեղ սեփականությամբ 1 բնակելի տուն և 19 հողակտոր (ընդհանուր 16,7 հա) է հայտարարագրել։ Ունի նաև 2 ավտոմեքենա՝ 2008թ. արտադրության Toyota Vitz և 2024թ. արտադրության Kia K5 GT-Line։
Ընթացիկ տարում ունեցել է 2 մլն 760 հազ. դրամ եկամուտ, որից 2 մլն 60 հազ. դրամը ստացել է Աշոցքի համայնքապետարանից՝ որպես աշխատավարձ, իսկ 700 հազ. դրամը՝ Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցից։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 300 հազ. դրամ։
Ի դեպ, Ֆլորա Թոսունյանը ցուցակում միակը չէ, որը բավական շատ հողատարածքներ ունի։ Օրինակ՝ ցուցակի 43-րդ համար (նախնական ցուցակում եղել է 45 թեկնածու, 3-ն ինքնաբացարկ են հայտնել) Ռիմա Սումբուլյանը, ով «Աշոցքի գրադարան» ՀՈԱԿ-ի հաշվապահն է, Բավրա բնակավայրում համատեղ սեփականությամբ ընդհանուր 10,8 հա մակերեսով 14 կտոր հողատարածք ունի։
Ցուցակում ընդգրկված վարչական ղեկավարներից 7-ը ևս հայտարարագրել են հողատարածքներ։ Ամենաշատ հողատարածքները հայտարարագրել է Բավրայի վարչական ղեկավար Պավլիկ Սումբուլյանը՝ 10 միավոր։ Սարագյուղի ղեկավար Ալեքսան Իգիթյանն ունի 9, Թավշուտի ղեկավար Իգիթ Առաքելյանը՝ 8, Բաշգյուղի ղեկավար Տիգրանուհի Աղասյանը և Սիզավետի ղեկավար Վահագն Շահինյանը՝ 7-ական, Կարմրավանի ղեկավար Ալինա Կարապետյանը՝ 6, իսկ Ձորաշենի ղեկավար Արմեն Բաղդասարյանը՝ 5 հողատարածք։
Ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն ցուցակի 31-րդ համար, Փոքր Սարիար բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Արշակյանն է։ Ընթացիկ տարում նա ունեցել է 12 մլն 397 հազ. դրամ եկամուտ։ Դրա մեծ մասը՝ 9 մլն 600 հազ. դրամը, գոյացել է վերցրած վարկից, իսկ 2 մլն 797 հազ. դրամը Աշոցքի համայնքապետարանից ստացված աշխատավարձն է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 150 հազ. դրամ գումար»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։