կարևոր
526 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-12 22:31
Հասարակություն

Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI): Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը և Վահե Պլուզյանը:

120 երկրի ներկայացուցիչների պայքարում նրանք զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի և Իսպանիայի թիմերին: Անհատական հաշվարկում Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը (Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Եվս երեք աշակերտ՝ Արտյոմ Հովհաննիսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան), Գուրգեն Բայբուրդյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան) և Դավիթ Ղազարյանը (Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց), ընդգրկվել են պատվավոր հիշատակումների թվում։ Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից):

Հայաստանի թիմը ձևավորվել է երեք փուլից բաղկացած ազգային ընտրական գործընթացի արդյունքներով, որին շուրջ 170 աշակերտ է մասնակցել ՀՀ տարբեր տարբեր դպրոցներից։ Օլիմպիադայի 8 մասնակիցներից 6-ը հանդիսացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի աշակերտներ՝ արհեստական բանականություն ուսումնասիրելով ավագ դպրոցի իրենց եռամյա ուսումնառության ընթացքում։ Հայ դպրոցականները երկրորդ տարին անընդմեջ մասնակցում են ԱԲ միջազգային օլիմպիադային:

Նախորդ տարի Պեկինում կայացած մրցույթում Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ էր նվաճել անհատական պայքարում: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել: