Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Ռուսաստանը պատրաստ է բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ` հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ընդլայնված հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը նախկինի պես համարում է, որ Հայաստանի համար ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը անվտանգությունն է, և մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ` հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում», - ընդգծեց նա։
Լավրովը վստահեցրեց, որ ՌԴ-ն հիմնական գործընկերն ու ներդրողն է հայկական տնտեսության մեջ և վստահելի երաշխավորը էներգետիկ և արտադրական անվտանգության հարցում։
Նա անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը` նշելով, որ այս կառույցը գնալով էլ ավելի արդյունավետ է դառնում և ինքնաբավ, ինչպես նաև ցուցաբերում է դիմացկունություն, արդյունավետություն համաշխարհային շուկաների տուրբուլենտության մեջ։
«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանը ներգրավվի նաև հեռանկարային գործընթացների մեջ, որոնք զարգանում են և՛ Շանհայի, և՛ ԲՐԻԿՍ-ի համագործակցության շրջանակում», - ասաց Լավրովը։
Ռուս արտգործնախարարը հայտնել է, որ Ռուսատանը շահագրգռված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։
«Մենք դրա համար ամուր հիմք ենք համարում բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների այն համալիրը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև 2020 և 2022թթ․։ Մենք ողջունել ենք խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, պատրաստ ենք նպաստելու բոլոր այն հարցերի կարգավորմանը, որոնք անհրաժեշտ են փաստաթղթի վերջնական ստորագրման համար»,- շեշտեց Լավրովը։
Նա հավելեց՝ բոլոր այս հարցերում Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, հումանիտար տարբեր խնդիրների լուծման համատեքստում։
«Մենք բավարար ներուժ ենք տեսնում նաև տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափով աշխատանքների հարթակում»,- ընդգծեց Լավրովը։
Հիշեցնենք՝ երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։