Փոխարժեքներ
06 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին, ժամը 17։30-20։00, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հրաժեշտը՝ մայիսի 8-ին, ժամը 11։30-13։00, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան պող. 24): Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից։
Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը մահացել է նախօրեին։ Նա 89 տարեկան է։
Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936թ․ մայիսի 1-ին, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ 1943-1953թթ․ սովորել է Մատաղիսի միջնակարգ դպրոցում։ 1958թ․ Ռադիկ Մարտիրոսյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով աստղաֆիզիկոսի որակավորում։ Աշխատանքային գործունությունը սկսել է 1958թ․՝ որպես ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող։
1960թ․ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։ 1960-1964թթ. Ռադիկ Մարտիրոսյանը սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Գիտության նկատմամբ նրա վերաբերմունքը ձևավորվել է այդ տարիներին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ալեքսանդր Պրոխորովի ղեկավարությամբ: Նա կատարել է գիտական ուշագրավ մի շարք հետազոտություններ քվանտային ուժեղարարների ստեղծման համար և դարձել ռադիոաստղագիտության բնագավառում այդպիսի ուժեղարարների կիրառման առաջամարտիկներից մեկը: Նրա մշակած 21սմ ալիքի երկարության քվանտային ուժեղարարը Խորհրդային Միությունում առաջինն է կիրառվել ռադիոաստղագիտության մեջ: Հետագայում Ռադիկ Մարտիրոսյանի անմիջական ղեկավարությամբ ստեղծված գերբարձր հաճախություններով աշխատող բարձր զգայնությամբ ռադիոհամակարգերը լայնորեն կիրառվել են երկրի բնական պաշարների ուսումնասիրման «Интеркосмос», «Природа», «Океан» տիեզերական ծրագրերում:
Առանձնահատուկ է եղել նաև Ռադիկ Մարտիրոսյանի մասնակցությունը տիեզերական տարածության ուսումնասիրման ծրագրին, մասնավորապես` «Вега» ծրագրի իրականացմանը:
1968-1970թթ․ Ռադիկ Մարտիրոսյանը զբաղեցրել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի բաժնի վարիչի պաշտոնը, 1970-1980թթ․՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը։ 1980-2006թթ․ նա եղել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, 1983-1993թթ․՝ ԵՊՀ-ում իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006թթ․՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 2006-2021թթ․՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։ 2021թ.-ից նա ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդականն էր։
ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում Ռադիկ Մարտիրոսյանը նախաձեռնել և ստեղծել է գիտական կազմակերպությունների բովանդակային միավորումներ՝ գիտական կենտրոններ, իրականացրել է ԳԱԱ համակարգի կազմակերպությունների արդյունավետ գործունեությունն ապահովող բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ։ Նրա անմիջական ղեկավարությամբ ընդլայնվել է ԳԱԱ միջազգային գիտական համագործակցությունը։, իսկ 2011թ. Ազգային ժողովը հաստատվել է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքն ու ԳԱԱ հատուկ կարգավիճակը:
Ռադիկ Մարտիրոսյանը մեծապես նպաստել է Արցախի գիտակրթական կյանքի զարգացմանը: ՀՀ ԳԱԱ-ի և Արցախի Հանրապետության կառավարության համատեղ քննարկումների արդյունքում 2007թ. Արցախում ստեղծվել է գիտական կենտրոն:
Ռադիկ Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղարարների ստեղծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են 9 թեկնածուական, 2 դոկտորական ատենախոսություններ։
2016թ․ Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Ռադիկ Մարտիրոսյանն Ուկրաինական ՍՍՀ Պետական մրցանակի (1989թ․) և Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է:
Անվանի գիտնականի վաստակը բարձր է գնահատվել նաև արտերկրում։ Նա արժանացել է «Palmes Academiques» (2005թ., Ֆրանսիա) և Stella DellaSolidariteta (2004թ., Իտալիա) պարգևների, 2024թ. պարգևատրվել է «300 лет Российской академии наук» մեդալով։